Կարծիք

02.02.2017 15:45


Օհանյանը փոխշահավետ համագործակցության առաջարկ է արել քաղաքացիական հասարակությանը

Օհանյանը փոխշահավետ համագործակցության առաջարկ է արել քաղաքացիական հասարակությանը

Օհանյանը փոխշահավետ համագործակցության առաջարկ է արել քաղաքացիական հասարակությանը

Փետրվարի 1-ին Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փոքր հարցազրույցով հանդես եկավ, որում անդրադառնալով մի շարք հարցերի՝ խոսեց նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության դերի մասին՝ մեր երկրի զարգացման գործում, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության առաջարկ արեց։

Ինչ է ասում Օհանյանը․ մեր երկրում կան բազում մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքներով, իրենց բարոյական նկարագրով կարող են հարստացնել մեր պետական համակարգը, սակայն այս կամ այն պատճառներով նրանք դուրս են կառավարման համակարգից, և իրենց ոչ մի հոդաբաշխ՝ համագործակցության առաջարկ չի արվում պետության կողմից։ Դրա հետ մեկտեղ՝ կան մարդիկ, ովքեր աշխատում են իշխանությունների հովանու ներքո, և իրենք մոնոպոլիզացրել են «քաղաքացիական հասարակություն» կոչվածը»։ Իշխանությունները «տակից» աշխատում են այդ մարդկանց հետ, իրենց ֆինանսավորելով այս կամ այն ծառայության դիմաց։

Օհանյանի առաջարկը քաղաքացիական հասարակությանը հետևյալն է․ եթե առաջ պետությունը և բնապահպանները, իրավապաշտպանները, քաղաքացիական ակտիվիստներն իրենց զգացել են բարիկադների տարբեր կողմերում և հակադրվել են իրար, ապա հետագայում այս իրավիճակը պետք է փոխվի, և երկու կողմերը փոխշահավետ պայմաններով պետք է աշխատեն մեկ նպատակի՝ հայկական պետականության ամրապնդման համար։

Նշված հարցում մեծ դեր կարող է ունենալ համաշխարհային փորձը, երբ պետությունն ինքը դրամաշնորհների, գրանտային ծրագրերի միջոցով խրախուսում է քաղաքացիական ակտիվիստներին, որպեսզի վերջինները որակյալ աշխատանք կատարեն և արագ արձագանքեն պետական մարմինների թերացումներին։ Սակայն շատ կարևոր է, որ Օհանյանն ընդգծում է, որ այդ համագործակցությունը պետք է լինի բաց և թափանցիկ․ պարզ լեզվով ասած՝ դրամաշնորհները, գրանտները պետք է բաց տրվեն, և պետք է տրվեն ըստ ծրագրի արժեքի, այլ ոչ թե այնպես, ինչպես հիմա է տեղի ունենում։

Իսկ հիմա վիճակն այնպիսին է, որ եթե դու ուզում ես մեծ դրամաշնորհ ստանալ ցանկացած բնագավառում լուրջ ծրագիր իրականացնելու համար, դու պետք է շաղկապված լինես իշխանական համակարգի հետ։ Կա՛մ հանրապետական պետք է լինես, կա՛մ բարեկամ ունենաս ՀՀԿ-ում, կամ էլ իշխանություններին ծառայություններ մատուցես այլ բնագավառներում, և քեզ դրա համար մեծ դրամաշնորհ կտան։

Այսօր Հայաստանում արատավոր կոռուպցիոն համակարգ է գործում նաև քաղաքացիական հասարակության շրջանում, և պետք է ջարդել նաև այս համակարգը՝ ազատականացնելով այն։ Բոլորը պետք է իմանան՝ իրավապաշտպանից մինչև բնապահպան և մշակութաբան, եթե դու ուզում ես արդյունավետ և պետության համար կարևոր ծրագիր իրականացնել, պետությունը քեզ ոչ թե կխանգարի, ոչ թե քեզ թշնամի կընկալի, այլ դեռ մի բան էլ կհոգա քո ծախսերը և թույլ կտա քեզ կենտրոնանալ ծրագրերի իրականացման վրա, այլ ոչ թե նրա վրա, որ մտածես, թե որտեղից գումար հայթայթես նորմալ ապրելու համար։

Եթե առաջարկվող համակարգը ներդրվի և գործի, մենք կունենանք ոչ թե պատվերով աշխատող բնապահպաններ, որոնք «միտինգ են անում» ինչ-որ մի վայրում, որտեղ Բաղրամյան 26-ն իր շահերն ունի, այլ այնտեղ, որտեղ պետության շահն է վտանգված։ Առաջարկվող համակարգի ներդրման պայմաններում մենք կունենանք ակտիվիստներ, որոնք ոչ թե ուղղորդված դեսպանատների մոտ բողոքների ակցիաներ կիրականացնեն, այլ իրենց պահանջներն ավելի առարկայական կձևակերպեն և բողոքը պետական համակարգի այն գերատեսչություններին, որոնք պատասխանատու են կոնկրետ ոլորտներում թերացումների համար։

Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը