Մեկնաբանություն

02.02.2017 10:50


Սեյրան Օհանյանի առավելությունը

Սեյրան Օհանյանի առավելությունը

Բ26-ին կից լրատվամիջոցներն ու ընդդիմադիր դաշտում ներդրված «ականները» Սեյրան Օհանյանին մեղադրում են այն բանի համար, որ նա միայն մի քանի ամիս է, ինչ դուրս է եկել իշխանական համակարգից, հետևաբար չի կարող ընդդիմադիր դաշինք գլխավորել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին «ընդդիմադիր» դիրքերից պաշտպանողները շրջանառության մեջ են դնում այն միտքը, որ իշխանական համակարգն այնքան է կեղտոտել ՀՀԿ ղեկավարը, որ այնտեղից նոր դուրս եկողը չի կարող կարճ ժամանակահատվածում մաքրվել: Ըստ այդմ՝ մենք գործ ունենք Սարգսյանի սիրած քարոզչական կոդի հետ՝ «Սերժը վատն է, բայց մյուսներն էլ են վատը»:

Ուշագրավն այն է, որ երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նույն այդ շրջանակները տարածում էին այն միտքը, որ նա նախագահի թեկնածու է և իշխանական համակարգի ամենաարժանի իրավահաջորդը (ի դեպ, ընդդիմադիր դաշտում էլ դեմ չէին այդպիսի փոխզիջման, միայն թե Սերժ Սարգսյանը հեռանար):

Օհանյանը, շատ լավ հասկանալով իշխանական քարոզչամեքենայի բուն նպատակը և գիտակցելով, որ իրեն «ռասկրուտկա անելը» լրիվ այլ պատճառ ունի, չմտավ ներքին խաղերի մեջ և իրեն դիստանցավորված պահեց մինչև 2015-ի փետրվարը տեղի ունեցած իրադարձություններից: Հետո արդեն սկսվեց իշխող բուրգից նրա տարանջատվելու գործընթացը, բայց քանի որ բանակն իր առանձնահատկություններն ունի, ուստի դրա ղեկավարի գործողությունները շատերի համար տեսանելի չէին, մինչդեռ լավատեղյակների համար ակնհայտ էր, որ Օհանյանը դուրս է գալու իշխող համակարգից ու հակառակ դաշտից մտնելու է ակտիվ քաղաքական դաշտ:

Սերժ Սարգսյանն այժմ գործի է դրել իր ստանդարտ մեթոդները: Մարտի 1-ի թիվ մեկ և միակ շահառուն սկսել է այլոց շուրթերով մեղադրել Օհանյանին մարտի 1-ի համար:

Ապրիլյան պատերազմի, մեր ունեցած կորուստների թիվ մեկ և գլխավոր պատասխանատու Սարգսյանը սկսել է այլոց շուրթերով մեղադրել Օհանյանին: Բայց դե, դրանք չաշխատող կոդեր են:

Օհանյանի առավելությունը, որը որպես թերություն են ուզում հիմա մատուցել քաղաքական դաշտի հաճախորդները, այն է, որ նա երկար տարիներ եղել է պետական կառավարման համակարգի ներսում: Օհանյանից գործող իշխանության հասցեին արմատական քննադատություն են պահանջում «թունդ ընդդիմադիրները» ու երբ չեն ստանում, հայտարարում են, թե բա՝ նա չի կարող իշխանության դեմ դուրս գալ:

Այո՛, Օհանյանը նախկինում պարտված բոլոր ընդդիմադիրների պես չի հայտարարում, թե իշխող համակարգում բոլորը սրիկաներ են ու ավազակներ, և հենց ինքը իշխանության գա, բոլորին կալանավորելու է: Սերժ Սարգսյանը կուզենար, որպեսզի Օհանյանը խիստ հռետորաբանություն կիրառեր ու հարձակվեր ամբողջ բուրգի դեմ, որպեսզի կարողանար Օհանյանի դեմ կոնսոլիդացնել Հայաստանի ու Ղարաբաղի վերնախավերին, սակայն դա ՀՀԿ ղեկավարին չի հաջողվում: Ընդամենը մի Վիտո խոսեց իր տեղից, որպեսզի ջուր պղտորի, բայց դա «դհոլային» բնույթ էր կրում. իշխող վերնախավի մեծ մասը ներքուստ կիսում է Օհանյանի մոտեցումը ու սպասում հարմար պահի: Սարգսյանը զգում է դա ու նյարդայնանում:

Բոլորի համար էլ պարզ է, որ մեր տիպի երկրներում իշխանափոխության համար անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպված կոնտրէլիտա, այլ նաև պառակտված իշխանական համակարգ: Այդ պառակտումը կարող են ապահովել միայն այն գործիչները, ովքեր ներսից են եղել և ունակ են անցնցում տրանսֆորմացիա ապահովել: Այդ առումով Օհանյանն ունի առավելություններ ոչիշխանական դաշտում գործող մյուս սուբյեկտների համեմատ:

Օհանյանն ունի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտի հսկայական հատվածներ համախմբելու պոտենցիալ, և դրան նպաստում է նրա նախկին բարձրաստիճան պաշտոնյա լինելը:

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր Օհանյանին մեղադրում են մինչև վերջերս պաշտոնյա լինելու մեջ, կամա թե ակամա խաղում են Սերժ Սարգսյանի տիրույթում:

Իսկ եթե ոմանք կարծում են, թե նախկին պաշտոնյաները չպետք է ընդդմադիր դիրքերից հավակնեն իշխանության, ապա դա «գեղցիության» և քաղաքական տհասության դրսևորում է: Այդ տրամաբանությամբ Հայաստանի քաղաքական դաշտի 99 տոկոսը պետք է գնա տուն, և ասպարեզում մնա միայն Սերժ Սարգսյանը՝ յուր նազիր-վեզիրներով ու տարատեսակ հաճախորդներով: Դա՞ են ուզում «թունդ ընդդիմադիրները» և սկզբունքային ժուլիկները:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը