Մեկնաբանություն

02.02.2017 09:40


Ի պաշտպանություն ՀՀԿ-ի

Ի պաշտպանություն ՀՀԿ-ի

ՀՀԿ-ին կարելի է ու պետք է մեղադրել շատ հարցերում, բայց ասել, որ դա իշխող կուսակցություն է և որոշումներ կայացնող կառույց, սխալ է:

Սերժ Սարգսյանը տարիներ առաջ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն ոհմակ չէ, բայց երբ դարձավ այդ կուսակցության նախագահ, իսկական ոհմակի վերածեց այդ կուսակցությունը, որի առանձին անդամներ սպասում են վերևից իջնող «ֆա՛ս» և «ֆո՛ւ» հրամաններին:

Պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր օղակները հհկապատված են, բայց ՀՀԿ-ն իշխող կուսակցություն չէ: Այն գործիք է Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի ձեռքում: Սա պետք է հստակ արձանագրել, որպեսզի քննադատությունն էլ ճիշտ հասցեատեր ունենա: Թե չէ երկրում տիրող իրավիճակի համար ՀՀԿ-ին քննադատելով բան դուրս չի գա: ՀՀԿ-ին Բ26-ին կից լրատվամիջոցներն էլ են «քլնգում», հետո ի՞նչ:

Սարգսյանին հաջողվեց ՀՀԿ-ն ոհմակի վերածել: Բազմաթիվ առիթներ են եղել դրանում համոզվելու համար: Թարմ օրինակ ունենք: Հրե՛ն, Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ ՀՀԿ-ից, և անմիջապես ոհմակին «քսի» տվեցին: Վաղը, ի դեպ, նույն ոհմակը նույն ձևով կարող է հարձակվել Սերժ Սարգսյանի վրա:

«7 օրը» իր ստեղծման օրվանից է գրել, որ Սերժ Սարգսյանը փորձում է «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել, և այդ ծրագրի շրջանակներում թիրախ են դառնում բոլորը, բացի իր ընտանիքի անդամներից, օգնական-քարտուղարուհի Սաթիկից ու վարորդ-թիկնապահ Վաչիկից: «Ֆլեշի» Բարսեղ Բեգլարյանին էլ կարող ենք մտցնել այդ «կռուգ», բայց քանի որ վերջին շրջանում բենզինի հետ կապված շահերի ներքին բախումներ կային ու դեռ էլի կարող են լինել, ուստի Բեգլարյանին մի փոքր վերապահումով կարելի է սերժական նեղ շրջապատի մարդ համարել (Միխայիլ Բաղդասարովի պատմությունը բոլորն են հիշում):

Եվ այսպես, մարդկանց շատ փոքրիկ խումբ է իր ձեռքը վերցրել իշխանությունը և մյուսների հակասությունների վրա կառուցել սեփական բուրգը: Սերժ Սարգսյանը կիրառում է «Բաժանի՛ր, որ տիրես» մոդելը: Նրան հաջողվել է ընդդիմադիր դաշտում «ականներ» ներդնել և որոշակի չափով պառակտում մտցնել:

Իշխանական հատվածում էլ նույն մոդելն է կիրառվել ու կիրառվում: Իրար դեմ են հանվում նաև, այսպես կոչված, օլիգարխները: Հանրությանը փորձ է արվում մատուցել, թե, իբր, մեր երկրի խնդիրները մականունավորներն են: Իրականությունն այն է, որ թոխմախիմհերներն ու լիսկաները, բնականաբար, օդիոզ դեմքեր են, բայց նրանք անմեղ հրեշտակներ են «ուսյալ-կրթյալ» ու անհայրենիք ջահելների համեմատ: Վերջիններիս համար Հայաստանը և Ղարաբաղը շատ ավելի փոքր արժեք են ներկայացնում, քան պլաստիկ քարտի վրա եղած գումարի չափը:

Մի խոսքով, ՀՀԿ-ին քննադատել է պետք, բայց չպետք է մոռանալ, որ այն ընդամենը դակիչ գործիք է Սերժ Սարգսյանի ձեռքում: Նա «հակաօլիգարխիկ» և հակահհկական պայքար է մղում ոչ թե բարեփոխումներ անելու, այլ սեփականության վերաբաշխում իրականացնելու և մեկ անձի իշխանություն ձևավորելու նպատակով: Մնացածը դեմագոգիա է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը