Կարծիք

31.01.2017 15:15


Շինարարության ոլորտը 10–տոկոսանոց անկում է ապրել

Շինարարության ոլորտը 10–տոկոսանոց անկում է ապրել

Արտագաղթն իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության վրա։ Սա բնական է. ինչքան քիչ մարդ՝ այնքան քիչ փող ծախսող, ինչքան քիչ փող՝ այնքան վատ, ինչքան վատ՝ այնքան շատ մարդ է հեռանում երկրից․․․և այսպես շարունակ։ ԱՎԾ-ի տվյալներն աչքովս ընկան շինարարության ոլորտի մասին։ Վերջերս շատ եմ հետաքրքրվում այս թեմայով. տուն եմ ուզում գնել։

Ուրեմն, նախորդ տարի շինարարության ոլորտը 10–տոկոսանոց անկում է ապրել, այսինքն՝ ավելի քիչ շենքեր են մարդիկ կառուցել։ Բայց ո՞ւմ համար կառուցեն։ Շուկան արդեն իսկ գերհագեցած է, եղած բնակարաններն էլ չեն կարողանում վաճառել։ Այստեղ մի ուշագրավ բան էլ կա։ Շինարարությունը Հայաստանում իրականացվում է արտասահմանյան վարկերով, և նրանց կշիռն այս ոլորտում աճում է։ Սա էլ է բնական, քանի որ հայաստանյան բանկերն այնպիսի աստղաբաշխական տոկոսներ են սահմանել բիզնեսի վարկավորման համար, որ նրանցից օգտվելը ձեռնտու չէ։

Ձեռնտու չէ Հայաստանում նաև հիփոթեքային վարկավորումը։ Ինչպես ասացի, տուն եմ ուզում և տարբեր կայքերում նայում եմ բնակարանների գները, նաև՝ հիփոթեքի արժեքը։ Ստացվում է, որ 10 տարվա ընթացքում վարկի տոկոսադրույքը 60 տոկոսից ավելի է։ Իսկ ո՞վ այսօր գումար ունի կանխիկ բնակարան գնելու։ Բայց 30 հազար դոլարանոց տան համար էլ 50 հազար վճարել ցանկացողներից հերթեր չեմ տեսել։

Արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք։ Հույսներս կտրելով այս ապիկար իշխանությունից՝ կարող եմ առաջարկել, որ այդ շինարարներն իրենք ձևակերպեն վարկեր՝ իրենց բնակարանները վաճառելու համար։ Արտասահմանից վերցրել են, չէ՞, պետք է մեխանիզմ ստեղծել, որ շրջանցենք մեր բանկերը և ուղիղ շինարարի հետ գործ ունենանք։ Իսկ մեր իշխանության արած վատությունն էլ՝ 30 մլրդ պարտադիր ռեզերվով ու թանկ վարկերով, թող իրենց էլ մնա։ Տեսնեմ՝ հարկ վճարող չլինի Հայաստանում, ինչ են տանելու Պանամայի օֆշորներում դնեն։

Հրանտ ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը