Կարծիք

31.01.2017 12:10


Մեր «մտավորականներն» ու շոուբիզի ներկայացուցիչները քաղաքականության հետ կապ չունեն

Մեր «մտավորականներն» ու շոուբիզի ներկայացուցիչները քաղաքականության հետ կապ չունեն

Օր չի անցնում, որ ԱՄՆ-ի շոու–բիզնեսի ներկայացուցիչներից որևէ մեկը չքննադատի Թրամփի այս կամ այն քայլը։ Եվ դա այն պարագայում, երբ մարդը դեռ ոչինչ չի էլ հասցրել անել երկրի համար կամ երկրի շահերին հակառակ։ Բայց մարդիկ արդեն մտահոգված են, արդեն մտածում են երկրի ապագայի մասին և համարում, որ պետք է հրապարակայնորեն իրենց կարծիքը հայտեն, որ այն լսելի դառնա հասարակության համար (ես, բնականաբար, չեմ անդրադառնում քննադատությունների բովանդակային մասին և խորհուրդ տվողների կոմպետենտությանը), և ուրիշ մարդիկ էլ մտահոգվեն։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ։ Այսպես կոչված «մտավորականներից», շոու-բիզնեսի, ստեղծագործ աշխարհի որ մի ներկայացուցչից կարծիք ես հարցնում, ասում են՝ «ես քաղաքականության հետ կապ չունեմ, չեմ խառնվում» (ոչ բոլորի մասին է խոսքը, բայց ճնշող մեծամասնության)։ Ու բոլորը լռում են։ Լռում են, երբ մարդկանց վրա հավելյալ հարկային բեռ են դնում, երբ մարդկանց ձեռքից բիզնես են խլում, երբ երկրի հետ կարծես թե պապից եկած ժառանգության հետ են վարվում, երբ ապրանքների և ծառայությունների գներն են անհիմն բարձրացնում, երբ բռնություն են կիրառում սեփական ժողովրդի նկատմամբ։ Լռում են։ Որովհետև սեփական երկրի հանդեպ պատասխանատվություն չեն զգում, պետության և հասարակության մաս իրենց չեմ դիտարկում, երկրին տեր չեն ուզում կանգնել։ Լռում են, համակերպվում, բայց չեն պայքարում։ Կամ եթե խոսում են, երկրի խայտառակ վիճակի համար պատասխանատվությունը բարդում են նախկին ղեկավարների վրա, քանի որ այս պարագայում պայքարելու անհրաժեշտություն չկա․․․անցել գնացել է։

Դրա համար էլ այսօր երկրի ղեկավարի աթոռին հայտնվածն ինչ ուզում՝ անում է։ Իսկ դուք լռում եք։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը