Կարծիք

30.01.2017 12:15


Ո՞րն է Սերժ Սարգսյանի տեղն ու դերը

Ո՞րն է Սերժ Սարգսյանի տեղն ու դերը

Ո՞րն է Սերժ Սարգսյանի տեղն ու դերը մեր կյանքում։ Իսկապես, կարդում ես որոշ լրատվամիջոցների հրապարակումները, «վերլուծաբանների» հոդվածները, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրան ինչ-որ մութ ուժեր գերի են վերցրել, որ նա իր կամքով չի դարձել նախագահ, նրան ստիպել են։ Նախընտրական այս շրջանում մի քանի հիմնական խնդիր է քննարկվում՝ մարտի 1, կործանված տնտեսություն, Հայաստանի արտաքին կողմնորոշում, ընտրակեղծիքներ, ապրիլյան պատերազմ։ Եվ այդ բոլոր քննարկումներում առավելապես բացակայում է Սերժ Սարգսյանի անունը. նրան շատ սահուն շրջանցում են՝ այդ բոլոր խնդիրների համար պատասխանատու հայտարարելով այլ մարդկանց։

Այդ բարբաջանքները նորից չկրկնեմ, սակայն հիշեցնեմ, որ հենց Սերժ Սարգսյանն է մարտի 1-ի արյունահեղության գնով դարձել նախագահ։ Նա ուներ անհրաժեշտ բոլոր գործիքները գործը բացահայտելու համար, սակայն այդ դեպքում ինքն իրեն ստիպված էր լինելու մեղադրել այդ հանցագործության համար։ Նա է այդ ողբերգության գլխավոր, և ինչպես կյանքը ցույց տվեց, միակ շահառուն։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիները զուգորդվեցին տնտեսական խոր ճգնաժամով։ Հիշում ենք, թե ինչպես էր Տիգրան Սարգսյանը հայտարարում, որ ճգնաժամը կշրջանցի Հայաստանը։ Կարծում եմ՝ ինքն անկեղծ էր իր այդ հայտարարության մեջ, քանզի եթե այդ խնդրով զբաղվեին տնտեսագետները, ոլորտի մասնագետները, այդպես էլ կլիներ։ Բայց Սերժ Սարգսյանը նախընտրեց օգտվել իրավիճակից՝ տնտեսությունն իր ձեռքերում կենտրոնացնելու համար։ Արդյունքում՝ ունեցանք տնտեսական աննախադեպ անկում, այդ ցուցանիշով համաշխարհային ռեկորդ գրանցեցինք, բայց Սերժ Սարգսյանն իր ձեռքն առավ փլուզված տնտեսության մնացորդները։

Արտաքին քաղաքականության մեջ ռազմավարության իսպառ բացակայությունը, իրավիճակային, չմտածված որոշումները, որոնք Սերժ Սարգսյանը միանձնյա է ընդունել, մեզ ասոցացման պայմանագրով հասցրեցին ԵԱՏՄ։

Դե, իսկ ընտրակեղծիքների պատմությունը պարզապես զավեշտալի է։ Եթե հավատանք ՀՀԿ նախագահի կողմից ուղղորդվող քարոզին, կստացվի, որ թաղային հեղինակությունները, ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները, պետական ծառայողները, սեփական նախաձեռնությամբ ու Սերժ Սարգսյանի կամքին հակառակ, կեղծում են ընտրությունները նրա օգտին, ինչի համար հետո պատժվում են․․․կամ չեն պատժվում։

Ապրիլյան պատերազմն ու մեր կրած կորուստներն էլ այս ամենի հետևանքն էին։ Այս տարիների ընթացքում, զբաղվելով սեփական հարստացմամբ, նա ուշադրություն չէր դարձնում օր օրի աճող վտանգին։ Սպառազինությունը չէր արդիականացվում, պաշտպանական գիծը չէր ուժեղացվում։

Վերադառնալով իմ հարցին, թե որն է Սերժ Սարգսյանի տեղն ու դերը այս ամենի մեջ, ինչներիս է նա պետք. եթե իրոք ինքն այս ամենի հետ կապ չուներ, ինչը տրամաբանությունից դուրս է, ուրեմն ինչո՞վ է զբաղված այսքան տարի։ ՀՀԿ-ական քեֆեր կազմակերպելով ու դրանց մասնակցելով, ռուսաստանցի օլիգարխների հարսանիքներին կենաց ասելով։ Դա իր գործն է, թող էլի զբաղվի դրանով, բայց մեզանից ու պետական կառավարման համակարգից հեռու։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը