Քաղաքական

27.01.2017 12:01


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն կողմ է, որ խորհրդարանական ընտրությունների օրը փոխվի»

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն կողմ է, որ խորհրդարանական ընտրությունների օրը փոխվի»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ չէ որպեսզի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրը փոխվի: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների նշանակված օրվա հետ կապված կա ոչ միայն իրավական, այլեւ բարոյական խնդիր: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, սակայն, իր համար կարեւորը ոչ թե ընտրությունների անցկացման օրն է, այլ ազատ, անկախ ընտրությունների անցկացումը, որը նաեւ հարգանքի տուրք կլինի 2016թ. ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

«Ապրիլի 2-ի հետ կապված՝ կա իրավական խնդիր, ես չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին: Ապրիլի 2-ին ապրիլյան պատերազմում մենք շատ լուրջ կորուստներ ունեցանք, եւ այստեղ նաեւ հարցի բարոյական կողմը կա: Եթե մենք կարողանանք մեր երկրում անցկացնել ազատ եւ անկախ ընտրություններ, կլինի ամենամեծ հարգանքի տուրքը ապրիլի 2-ին զոհված մեր հերոսների հիշատակի առջեւ: Ինձ համար մեծ առումով էականը ընտրությունների օրը չէ. պետք է կարողանանք մեր երկրում անցկացնել ազատ եւ անկախ ընտրություն գոնե մեկ անգամ, քանի որ Հայաստանը սպառել է այլանդակ, անճոռնի ընտրություն անցկացնելու ցանկացած ռեսուրս: Եթե այս ընտրություններն էլ եղան այնպիսին, ինչպիսին եղել են Հայաստանում վերջին 20 տարիներին տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունները, ապա Հայաստանի ցանկացած հեռանկարի վրա կարելի է մեծ խաչ քաշել: Մենք կմիանանք նախաձեռնությանը, որովհետեւ մեզ համար կարեւոր է, որ իրավական բոլոր գործընթացները լինեն օրենքի սահմանադրականության շրջանակներում»,-ասաց նա:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը