Մեկնաբանություն

27.01.2017 10:50


Սերժ Սարգսյանի քարոզչական սկզբունքը

Սերժ Սարգսյանի քարոզչական սկզբունքը

Սերժ Սարգսյանի կողմից կիրառվող քարոզչական սկզբունքը տեղավորվում է «Գողն առաջինն է գոռում «Բռնե՛ք գողին»» հայտնի «տրյուկի» շրջանակներում։

Նա իր բոլոր ընդդիմախոսների դեմ օգտագործում է հաճախորդներին, «ականներին» և «անկախ» լրատվամիջոցներին։ Սրանց գործառույթը Հայաստանը ծուռ հայելիների թագավորության վերածելն է ու Սերժ Սարգսյանին «ընդդիմադիր» բառապաշարով պաշտպանելը։

Բոլոր այն հարցերում, որտեղ Սերժ Սարգսյանը թիվ մեկ պատասխանատուն է, փորձ է արվում «բարդել» այլոց վրա։ Ընդ որում՝ գործում է նույն սխեման, և նույն թեմաներով են հարձակվում ՀՀԿ ղեկավարի ընդդիմախոսների դեմ՝ առաջնորդվելով «Որքան մեծ լինի սուտը, այնքան ավելի շատ մարդ կհավատա դրան» գեբելսյան սկզբունքով։

Սարգսյանի սիրած թեմաներն են «Մարտի 1»–ը, տնտեսական անկումը, ապրիլյան պատերազմը, բանակի վիճակը։ Այսինքն, այն բոլոր թեմաները, որտեղ նա թիվ մեկ պատասխանատուն է։ Բայց, արի ու տես, որ «դհոլների», պայթած «ականների» ու «անկախների» շուրթերով նա մշտապես այդ ամենը կապում է այլոց հետ։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը 2008–ի մարտի 1–ին ոչ թե տանը նստած հոնգուր–հոնգուր լաց էր լինում ու ողբում զոհերի համար, այլ վարչապետի իր սենյակից օպերատիվ հետևում ու կառավարում էր գործընթացը։ Նա «Մարտի 1»–ի թիվ մեկ և միակ շահառուն է։ Չլիներ «Մարտի 1»–ը, Սարգսյանը կլիներ հնարավոր բոլոր տեղերում, բայց ոչ Բաղրամյան 26–ում։

Իրականություն է նաև այն, որ մեր բանակի վիճակի թիվ մեկ պատասխանատուն ի պաշտոնե Սերժ Սարգսյանն է, և թող չփորձեն «թունդ ընդդիմադիրները» սերժամետ ծրագրի շրջանակներում փրփուրը բերաններին այլ պատասխանատուներ փնտրել։

Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների համար էլ է Ս. Սարգսյանը կրում ուղղակի պատասխանատվություն։

Ադրբեջանի լկտիացումն ուղղակի հետևանք էր «Ֆուտբոլային» դիվանագիոտթյան, ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմի հանձնողական դիրքորոշման, մեր տնտեսության կտրուկ անկման և համատարած կոռուպցիայի։

Եթե փորձեն ասել, թե բա՝ Սերժ Սարգսյանն ի՞նչ մեղավոր է, որ Ալիևը խախտել է զինադադարը, ապա դա չի անցնելու։ Չգիտենք, թե բանակի ներսից իրեն ինչ են ասել, բայց գոնե դրսից ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը տարիներ առաջ էր նամակով զգուշացրել, թե ինչ է սպասվում, և ասել էր, թե ինչ է պետք անել հայկական բանակի համար, սակայն Սերժ Սարգսյանը մատը մատին չի տվել։ Ավելի ճիշտ՝ տվել է, բայց այլ ոլորտում։

2011թ. կազանյան գործընթացից հետո Ալիևն ինտենսիվորեն պատրաստվեց պատերազմի, իսկ Սարգսյանը՝ ընտրություններում «տոկոսխփոցիի»։ Արդյունքը եղավ այն, որ ունեցանք և՛ մարդկային, և՛ տարածքային կորուստներ։

Նույնը տնտեսական վիճակի մասով կարելի է ասել։ Սարգսյանը «Մեկ օլիգարխի տնտեսություն» է կառուցում և զարգացնում ընտանեկան բիզնեսը, բայց իր մամուլի միջոցներով ու «դհոլների» օգնությամբ տարածում է, թե այսինչն է մեղավոր, այնինչն է մեղավոր։ Երեկ Հովիկ Աբրահամյանն էր Բ26–ի լրատվամիջոցներով տնտեսական վիճակի համար մեղավոր հռչակված (Տիգրան Սարգսյանին ՀՀԿ ղեկավարը միշտ պաշտպանել է, քանզի նա շատ լավ կատարում էր «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու իր պարտականությունը), այսօր՝ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ոչ թե իր դրականն է քարոզում, այլ փորձում է «սևացնել» իր ընդդիմախոսներին։ Դրականի մասին չի քարոզում, քանզի քարոզելու բան չկա, իսկ դիմացիններին էլ «սևացնում» է, որպեսզի իր «սևությունը» թաքցնի։ Բայց դե, կարելի է կարճաժամկետում խաբել գրեթե բոլորին, իսկ ահա երկարաժամկետում դա անհնար է անել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ–ից դուրս գալու որոշումից հետո Բ26–ը, փորձելով տեղեկատվական աղմուկ սարքել և շեղել թեման, ժամանակից շուտ և շատ էժանագին ձևով պայթեցրեց ընդդիմադիր դաշտում իր վերասեփականաշնորհած «ականներից», ավելի ճիշտ՝ «ականչիկներից» մեկին։ Ափսոս էր տղան։

Այս խորագրի վերջին նյութերը