Կարծիք

10.11.2010 11:03


Չնայած Կոնգրեսում տեղի ունեցած էական տեղաշարժերին, հայերը հասան որոշ հաջողության, իսկ թուրքերը' ոչ

Չնայած Կոնգրեսում տեղի ունեցած էական տեղաշարժերին,  հայերը հասան որոշ հաջողության, իսկ թուրքերը' ոչ

Նոյեմբերի 2-ի ընտրությունները մի հանրաքվե էին նախագահ Օբամայի վերաբերյալ: Ամերիկացիների մեծ մասին նա հուսախաբ էր արել ձախողված տնտեսական քաղաքականությամբ, իսկ ամերիկահայերին հիասթափեցրել' Հայոց ցեղասպանության մասին իր խոստման դրժմամբ:

Չնայած ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությանը, ամերիկահայերին հաջողվեց սատարել Կոնգրեսի իրենց աջակիցներին' անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Դեռ ավելին, սպասվում է, որ նորընտիր պահպանողական Կոնգրեսն ավելի անհանդուրժողական կլինի Թուրքիայի հանդեպ' Իրանի հետ նրա սիրաբանությունների և Իսրայելի հետ գզվռտոցների պատճառով:

Իրոք, ամերիկահայ ընտրողները մեծ դեր խաղացին մի շարք առանցքային մրցարշավներում: Ներկայացուցիչների պալատի 152 անդամների (զույգ կուսակցություններից) ավելի քան 95 տոկոսը, որոնց սատարում էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, վերընտրվեց, այդ թվում Կոնգրեսի երկու ամերիկահայ անդամներ' Կալիֆորնիայից դեմոկրատներ Աննա Էշուն և Ջեկի Սփիերը: Ընդ որում, Հայոց ցեղասպանության բանաձևի մի քանի հիմնական ընդդիմադիրներ պարտվեցին, որոնց թվում էր դեմոկրատ կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը' Թուրքիայի աննկուն ջատագովը: Նա պարտվեց հանրապետական Մայքլ Գրիմին' Նյու Յորքի հայկական և հունական համայնքների համատեղ ջանքերի շնորհիվ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող' Սենատի վեց թեկնածուներից հինգը հաղթեցին, որոնց թվում էին դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը, սենատորներ Բարբարա Բոքսերը, Չակ Շումերը և Բարբարա Միկուլսկին, ինչպես նաև հանրապետական կոնգրեսական Մարկ Քիրկը' Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահը, որը հաջողությամբ առաջադրվեց Սենատում: Մյուս կարևոր հաղթանակները տարան Կալիֆորնիայի և Մասաչուսեթսի նահանգապետեր Ջերի Բրաունն ու Դեվալ Պատրիկը' Ամերիկայի հայկական համայնքի աջակցությամբ:

Չնայած շատ պաշտոնյաներ կորցրին իրենց տեղերը, սակայն Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամների 95 տոկոսը և Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի աջակիցների 90 տոկոսը վերընտրվեցին:

Ընդհանուր առմամբ, ամերիկահայերն այս ընտրություններում հաջողության հասան, հիմնականում այն պատճառով, որ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամի համար քվեարկեցին ըստ նրա դիրքորոշումների, և ոչ թե' նրա կուսակցական պատկանելության: Հակառակ դեպքում, նրանց կողմնակիցերից շատերը կպարտվեին, իսկ հակառակորդներից շատերը' կհաղթեին:

Ի՞նչ ազդեցություն կունենան այս ընտրությունները հայկական հարցերի վրա: Պետք է հիշենք, որ Կոնգրեսի ներկայիս անդամների գործունեության ժամկետն ավարտվում է 2011 թվականի հունվարին, և միայն այդ ժամանակ' նոյեմբերի 2-ի ընտրվածները կզբաղեցնեն իրենց տեղերը: Ընտրություններից առաջ Կոնգրեսի կիսատ գործերը մնում են օրակարգում մինչև հունվար, որից հետո բոլոր նշանակումները, բանաձևերը և օրինագծերը պետք է կրկին ներկայացվեն:

Մեզ համար, ներկայիս Կոնգրեսի երկու պալատների առաջին խնդիրը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն է: Սենատում այս օրինագիծը դեռ պետք է քննարկվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Իսկ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը պետք է հաստատի' այս տարվա մարտին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևը: Քանի որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կորցրել են մեծամասնությունը, ապա սա խոսնակ Նենսի Փելոսիի վերջին հնարավորությունն է' մինչև հունվարին խոսնակի պաշտոնի լիազորությունները վայր դնելը կատարելու բանաձևի անցկացման իր խոստումը: Եթե մինչ այդ որևէ գործողություն չկատարվի, ապա Ցեղասպանության բանաձևը նորից կներկայացվի Ներկայացուցիչների պալատ: Եթե անգամ հաջորդ խոսնակը' կոնգրեսական Ջոն Բոհները նախկինում դեմ էր արտահայտվում Ցեղասպանության բանաձևին, ապա շատ հնարավոր է փոխի իր հայացքները' հաշվի առնելով Թուրքիայի հակաարևմտյան քաղաքականության հանդեպ հանրապետականների խիստ դժգոհությունը:

Միաժամանակ, Ամերիկայի հայ համայնքի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Մեթյու Բրայզայի' Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակումը, որը թափուր է մնացել 2009 թվականի սեպտեմբերից, և Ֆրենսիս Ռիկիարդոնեի' Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակումը, որը ևս թափուր է 2010 թվականի հուլիսից:  

Բրայզայի նշանակումը խափանվեց սենատորներ Բարբարա Բոքսերի և Ռոբերտ Մենենդեսի կողմից կրկնակի «կասեցում» (hold) դնելու շնորհիվ: Խիստ անհավանական է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների «անցման» նստաշրջանում նրանք հետ վերցնեն իրենց կասեցումները: Այս պահին նախագահ Օբամայի ամենախելամիտ ընտրությունը' Սենատին մի նոր թեկնածու առաջադրելն է, դրանով իսկ արագացնելով ԱՄՆ դեսպանի նշանակումը Ադրբեջանում: Սակայն, եթե Օբաման հունվարին նորից պնդի Բրայզայի վերաառաջադրման վրա, ապա ԱՄՆ դեսպանի նշանակումն Ադրբեջանում կհետաձգվի ևս մի քանի ամսով:

Մյուս կողմից, Ռիկիարդոնեի շանսերն ավելի մեծ են Թուրքիայի դեսպան դառնալու համար, քանի որ սենատոր Սեմ Բրաունբակը, որը կասեցում էր դրել նրա նշանակման վրա, նոյեմբերի 2-ին Կանզասի նահանգապետ է ընտրվել: Եթե սենատոր Բրաունբակը մինչև հունվար հրաժարվի Սենատի իր աթոռից, և որևէ այլ սենատոր կասեցում չդնի Ռիկիարդոնեի թեկնածության վրա, ապա նա կարող է մինչև նոր տարի հաստատվել դեսպանի պաշտոնում: Հակառակ դեպքում, նախագահ Օբաման կարող է' կամ նորից ներկայացնել նրա թեկնածությունը, կամ մի նոր թեկնածու առաջադրել հունվարին, երբ նորընտիր Կոնգրեսը կգումարի իր առաջին նստաշրջանը: Սակայն, եթե մեկ այլ սենատոր կասեցում դնի Ռիկիարդոնեի թեկնածության վրա, ապա Թուրքիան ևս մի քանի ամսով կզրկվի ԱՄՆ դեսպանից:

Անկախ Ռիկիարդոնեի ճակատագրից, հավանաբար, Թուրքիան լուրջ դժվարություններ կունենա նոր Կոնգրեսի հետ, որովհետև նորընտիր հանրապետականների մեծ մասը դժգոհ է Անկարայի իսլամական վարչակարգից և նրա իրանամետ ու հակաիսրայելական քաղաքականությունից:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը