Մեկնաբանություն

27.01.2017 08:30


ՀՀԿ-ում կուսակցականների թվեր են «խփում»

ՀՀԿ-ում կուսակցականների թվեր են «խփում»

ՀՀԿ խորհրդի նիստին նախորդած ու հաջորդած կեղծ «իրարանցումից» (ինչի պատրանքը ջանադրաբար ստեղծում են լրատվամիջոցները) այն տպավորությունը կարելի էր ստանալ, որ իշխող ուժը փորձում է մի կերպ կանխել կուսակցության փլուզման գործընթացը:

ՀՀԿ-ական վերնախավը, կարծես, ստացած «նոկդաունից» հետո վերջին ճիգերն է գործադրում ոտքի կանգնելու և «հակահարված» տալու հանրությանը՝ ձևացնելով, թե իր ներսում ամեն բան կարգին է: Իբր, հիմա ավելի ամուր ու կուռ շարքերով են գնում ընտրությունների, իբր, վերջին երկու ամսում շարքերը համալրվել են 11 հազար անդամով, և նման բաներ: Երևի մշակույթի նախարարը մեկ մարդ չէ, 11 հազար է: Եվս մի քանի նախարարի անդամակցումը իրենց աչքին հազարներ են երևում:

Նման թվեր «կրակում» է միայն այն ուժը, որից հեռանում են անդամները: Այս հարցում էլ են, փաստորեն, սրանք տոկոս խփում՝ ցույց տալով, թե ՀՀԿ-ն «առաջատար» ուժ է: Բայց թե ինչու էին այս ու այնտեղից խորհրդի նիստին բերման ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավորների, որոնք տարիներով Մելիք-Ադամյանի գրասենյակում չեն եղել, այս հարցի պատասխանը տվող չկա: Ավելի ճիշտ՝ նրանց նման հարցերով լրագրողները չեն անհանգստացնում:

Թե ինչ ելույթ է ունեցել ՀՀԿ ղեկավարն այդ նիստում, դա էլ անթել հեռախոսի սկզբունքով փոխանցեց Էդուարդ Շարմազանովը: Բա իմացա՞ք՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ «ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է, մեզ համար իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն, և բոլոր նրանք, ովքեր գալիս են ՀՀԿ՝ ստանալու արտոնություններ, միգուցե ճիշտ կուսակցութուն չեն ընտրել»:

Ո՞րն է ՀՀԿ-ի գաղափարը: Բացի թալանից ու իշխանությունը պահելուց կամ վերարտադրվելուց՝ ուրիշ ի՞նչ գաղափարով է առաջնորդվում իշխող ուժը: Այդ ի՞նչ պատասխանատվության մասին են խոսում, երբ միայն վայելել են:

Հանրությունը կարող է միայն քմծիծաղել նման հայտարարությունների վրա: Ուրիշ ոչինչ: Քանզի բոլոր ոլորտներում ձախողումներ արձանագրած և վերջնականապես սպառված իշխող ուժն ու նրա ղեկավարը եթե պատասխանատվության զգացում ունենային, ապա երկրում այս իրավիճակը չէր լինի: Այնպիսի արատավոր համակարգ են ստեղծել, որտեղ բանիմաց, փորձառու մարդիկ այլևս չդիմանալով անարդարություններին ու անօրինություններին՝ ստիպված են հեռանալ թե՛ ՀՀԿ-ից և թե՛ իրենց վստահված կառավարման ոլորտից: Որովհետև խոստացված փոփոխությունները տարիներով մնացել են թղթի վրա, և Սերժ Սարգսյանը միայն ճառեր է ասել այդ փոփոխությունների մասին:

Ինչևէ, նա մի կողմից ճառեր է ասում, մյուս կողմից իր գլխավորած ուժը ճաքեր է տալիս: Բայց դե, իշխանությունը և նրա ղեկավարը իրականության զգացողությունը վաղուց են կորցրել: Այնպես որ, հիմա էլ զարմանալի չէ, որ փորձում են շա՜տ «գրանդիոզնի» երևալ: Մեջն ի՞նչ կա: Ժողովուրդը զզվել ու հոգնել է նման ղեկավարությունից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը