Մեկնաբանություն

26.01.2017 09:20


Մեզանում արդեն «հիբրիդ ռեժիմ» էլ չէ

Մեզանում արդեն «հիբրիդ ռեժիմ» էլ չէ

Իշխող ուժն ու նրա ղեկավարը կարող են նախընտրական քարոզարշավը Նիգերիայում, Մավրիտանիայում կամ Քուվեյթում անցկացնել: Նշված երկրների և Հայաստանի միջև տարբերություն չկա:

«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Հայաստանը դասվել է ավտորիտար երկրների շարքում:

Մեզանում արդեն «հիբրիդ ռեժիմ» էլ չէ, ու ժողովրդավարության մասին խոսք չկա: Իշխանությունը երկիրը հետ է շպրտել դեպի ավտորիտարիզմ: Այնպես որ, կարող են գնալ ու, ասենք, Նիգերիայում խոսել իրենց սահմանադրական «բարեփոխումների մասին, որոնց «արդյունքը», փաստորեն, մեզանում հաստատված ավտորիտար ռեժիմն է:

Նիգերիայում կամ Մավրիտանիայում բարեփոխումներից չեն խոսում, և այդ ավտորիտար երկրների բնակչության համար շատ հետաքրքիր կլինի սահմանադրական «բարեփոխումների» թեմայով քարոզարշավներին մասնակցելը և լսել, թե ինչպես է ՀՀԿ ղեկավարը խոստանում, որ «առաջիկա երկու-երեք տարիները շրջադարձային են լինելու»: Իսկ առաջիկա երկու-երեք տարիների՝ բեկումնային ու շրջադարձային լինելու մասին Սերժ Սարգսյանը խոսում է 2008-ից սկսած: Այնքան խոսեց առաջիկայի մասին, որ առաջացանք, հասանք մինչև ավտորիտարիզմ: Դե, մի քիչ կարող է լեզվի հետ կապված բարդություններ լինեն, բայց Նիգերիայում քարոզարշավի ընթացքում կարող են ձեռքով-ոտքով հասկացնել, թե ինչքան լավ բան են «բարեփոխումները», որոնց շնորհիվ շատ արագ հնարավոր է երկրում հաստատել ավտորիտար ռեժիմ: Այսինքն՝ նիգերիացիները կամ մավրիտանացիները վաղուց արդեն «բարեփոխումների» իրականացման փուլն անցել են և վայելում են ավտորիտարիզմը: Ուրեմն, պետք է երջանիկ լինեն, քանի որ շուտվանից իրենց մաշկի վրա զգացել են «բարեփոխումների» կենարար ազդեցությունը:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ. Ի դեպ, 2013-ի գարնան վերջին ՀՀ իշխանությունները արքայազն Չարլզին շախով-շուխով Հայաստան բերեցին, ման տվեցին, ճոխ պատիվ տվեցին: Բա էդ մարդը չէր կարո՞ղ մի քիչ բարեխոսել՝ խնդրելով բրիտանական հեղինակավոր ընկերությանը, որպեսզի վերջինս Հայաստանը գոնե թողներ «հիբրիդ ռեժիմ» համարվող երկրների ցուցակում: Շատ նամարդ դուրս եկավ Չարլզը:

Այս խորագրի վերջին նյութերը