Մեկնաբանություն

25.01.2017 21:00


ՀՀԿ-ական տիկնոջ ստրասբուրգյան շրջագայությունների «արդյունքը»

ՀՀԿ-ական տիկնոջ ստրասբուրգյան շրջագայությունների «արդյունքը»

Հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը բոցաշունչ ճառ էր արտասանում Հայաստանում սահմանադրական փոփոխությունների, դրան հաջորդած ցնցող «բարեփոխումների», մեր երկիրը դրախտ սարքող իր առաջնորդի ծրագրերի մասին և նաև հայտարարում էր, թե ապրիլի 2-ին նախատեսված «ազատ, արդար ընտրությունների անցկացումը երկրի իշխանությունների գերխնդիրն է»: Նաղդալյանի ելույթը զրոյական նշանակություն է ունենում Վեհաժողովում, կամ, ավելի կոպիտ ասած, ԵԽԽՎ պատվիրակները թքած են ունենում ՀՀԿ-ական տիկնոջ՝ սեփական կուսակցությանն ու նրա ղեկավարին նվիրված դիֆերամբի վրա: Քանզի նաղդալյանական ցնծուն ճառի հաջորդ օրը ԵԽԽՎ պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկում հակահայկական ձևակերպումներ պարունակող զեկույցին:

«Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի 9-րդ կետում ամրագրված է. «Վեհաժողովը խոր մտահոգություն է հայտնում, որ մամուլի ազատության ապահովումը, ինչը սահմանված է նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, բացակայում է անդամ պետությունների այն տարածքներում, որոնք փաստացի վերահսկվում են անջատողական ռեժիմի կողմից, մասնավորապես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը, Վրաստանի Աբխազիան և Հարավային Օսեթիան, Մոլդովայի Տրանսնիստրիան: Ուստի հատուկ ուշադրություն է դարձվում այն հետաքննող լրագրողներին, որոնք հանդգնում են լույս գցել այդ բացարձակ մութ ու ոչ թափանցիկ և անօրեն տարածքների վրա»:

Սա՛ էլ ՀՀԿ-ական տիկնոջ ստրասբուրգյան շրջագայությունների «արդյունքը»: Թեպետ, զարմանալի էլ չէ, քանի որ Նաղդալյանն ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին հանգիստ հայտարարեց, թե ՀՀ-ն պատրաստ է տարածքներ զիջել. «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն և կընդունվի կարգավիճակի մասին որոշում և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերային զոնան է և սա մեր անվտանգության երաշխիքն է»:

Այնպես որ, Ստրասբուգում «խոտ չեն ուտում», գիտեն, որ ոչ միայն Նաղդալյանը, այլև նրա առաջնորդն ու վերջինիս սատարիչները քնում-զարթնում են մի տեսլականով, թե ոնց անեն, որ շուտ հանձնեն ազատագրված տարածքներն ու խաղաղ ապրեն: Ինչևէ:

ԵԽԽՎ-ի վերջին զեկույցում տեղ գտած հակահայկական ձևակերպումները պատահական չեն: Եվ ՀՀԿ-ական սույն տիկինն էլ դեռ ուզում է, որ իր որդին դառնա Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ: Երևի այս կողմերից հակահայկական քայլերը սակավ են, պետք է ավելացնել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը