Մեկնաբանություն

25.01.2017 10:35


Կյանքը Սերժ Սարգսյանից հետո

Կյանքը Սերժ Սարգսյանից հետո

1988 կամ նույնիսկ 1990 թվականին քչերն էին կարծում, որ ամենակարող Կոմկուսը կփլուզվի՝ իր հետ փլուզելով նաև ԽՍՀՄ-ը:

ՀՀԿ-ն մեր օրերի Կոմկուսն է, իսկ Սերժ Սարգսյանն իր մեջ ունի մի մաս Բրեժնևից (ցմահ իշխելու ցանկություն), մի մաս՝ Չեռնենկոյից (քաղաքական ոչ ադեկվատություն) ու մի մաս էլ Գորբաչովից (հարազատ կուսակցության փլուզում):

Բարեբախտաբար, Սարգսյանը չի կարողացել բոլշևիկյան տարբերակով ամբողջատիրական ռեժիմ սարքել մեզանում, այլապես ՀՀԿ-ի փլուզումը, որն անխուսափելի է, կբերեր նաև Հայաստանի փլուզմանը: Դեռ կան դիմադրության կենտրոններ, որոնք թույլ չեն տալիս ՀՀԿ ղեկավարին «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել: ԱԺ ընտրություններում այդ դիմադրության կենտրոններն են համախմբելու էլեկտորատը:

Ոմանց կարող է թվալ, թե, միևնույն է, Սարգսյանն իր գործիք ՀՀԿ-ի միջոցով կարողանալու է սեփական ծրագրերը կյանքի կոչել, բայց դա այդպես չէ: Սերժ Սարգսյանի «դարաշրջանն» արդեն ավարտվել է: Նրանք, ովքեր դա չեն նկատում, հիշեցնում են այն մարդկանց, ովքեր 1990 թվին ցանկանում էին մտնել Կոմկուս, որպեսզի «պարտիականի» կարգավիճակով կարողանային առաջ գնալ. դրանց թվում էր, թե Կոմկուսն ու գենսեկը հավերժ են:

Հիմա նույնը ՀՀԿ-ի մասով է: Այդ կուսակցությունը հանգամանքների բերումով ուժեղացվեց, իսկ այժմ հանգամանքների ազդեցության տակ գնում է դեպի փլուզում (նաև՝ ինքնափլուզում):

Հանրության ու իշխանական ազդեցությունից դուրս գտնվող քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի գործող իշխանական բուրգի փլուզումը հնարավորինս անցնցում իրականացնելը: Պետք է նաև պոզիտիվ խնդիր դնել, թե ինչ պետք է անել մեր երկրում Սերժ Սարգսյանից հետո: Իրականում շատ ավելի դժվար է լինելու իշխանափոխությունից հետո Հայաստանը կարգի բերելը, քան իշխանափոխություն իրականացնելը: Բայց դե, այլ տարբերակ չկա, Հայաստանը դատապարտված է զարգացող երկիր դառնալու: Հակառակ դեպքում պետության գոյությունն իսկ հարցականի տակ կհայտնվի:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը