Մեկնաբանություն

24.01.2017 10:55


Ո՞րն է Սեյրան Օհանյանի «մեղքը»

Ո՞րն է Սեյրան Օհանյանի «մեղքը»

Ֆեյսբուքահայության վճարովի և ինքնագլուխ հատվածի մի մասը, ինչպես նաև հաճախորդաց դասի ներկայացուցիչները շարունակում են իրենց սիրած գործը՝ ընդդիմանում են իշխանության ընդդիմախոսներին:

Վերջին շրջանում սրանք քննադատում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Հիմնական ու, թերևս, միակ մեղադրանքն այն է, որ նա ... եղել է իշխանության մեջ:

Օհանյանը ֆեյսբուքյան գրառումների միջոցով ներկայացնում է երկրի ներքին ու արտաքին խնդիրների վերաբերյալ իր տեսակետը: Բ26-ից այլոց շուրթերով հակադարձում են, թե բա՝ ինչու նախկինում նա չէր բարձրաձայնում այդ խնդիրների մասին:

Օհանյանը ներկայացնում է իր տեսակետը Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Բ26-ից այլոց շուրթերով հակադարձում են, թե բա՝ ինչու այն ժամանակ չէր ասում:

Համաձայնեք, որ «Դու նախկինում պաշտոնյա ես եղել» (ի դեպ, անցումային փուլի երկրներում անարյուն իշխանափոխություն իրականացրած բոլոր գործիչները նախկին իշխանավորներ են եղել) մեղադրանքը շատ պարզունակ ու դեմագոգիկ բնույթ ունի և ձեռնտու է բացառապես Սերժ Սարգսյանին:

Քաղաքական անցուդարձին հետևողները և իրական տեղեկատվությանը տիրապետողները շատ լավ գիտեն, որ տևական ժամանակ Սեյրան Օհանյանի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները եղել են ոչ հարթ, իսկ շփումները՝ զուտ արարողակարգային: Բանակի հետ կապված խնդիրները դրվել են նախագահի սեղանին, սակայն վերջինիս լրիվ այլ բաներ են հետաքրքրել, և դա է պատճառը, որ նախորդ տարվա ապրիլին հակառակորդը լկտիացավ:

Օհանյանը կարող էր հրաժարական տալ, սակայն նա նախընտրել է հեռանալ հրամանագրով, որից հետո հրաժարվել է մի շարք պաշտոններից, որոնք նրան առաջարկվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀԱՊԿ համակարգում:

Հիմա եթե Օհանյանի «մեղքը» նախկին պաշտոնյա լինելն է, և այդ «մեղքի» պատճառով նա իրավունք չունի ոչիշխանական տիրույթում ակտիվ քաղաքական ներգրավվածություն ունենալ, ապա այդ տրամաբանությամբ ոչիշխանական դաշտի 90 տոկոսը չպետք է մասնակցի քաղաքական կյանքին, քանզի նախկին իշխանավորների պակաս չի զգացվում:

Ուշագրավ մեկ դիտարկում. վճարովի և անվճար հիմունքներով Օհանյանին քննադատողները, ովքեր իրենց հակաիշխանական տիրույթում են դիրքավորում, իշխանության ընդդիմախոսներին քննադատելուց հետո որևէ բան չեն առաջարկում: Այն, ինչ սրանք ասում են, ձեռնտու է բացառապես ՀՀԿ ղեկավարին: Իրենց «ստերիլ» ներկայացնողները փաստացի տարածում են Սարգսյանի ուզած կոդը, ըստ որի՝ «Սերժ Սարգսյանը վատն է, բայց մյուսներն էլ են վատը» (արդյունքում՝ Սերժ Սարգսյանը մնում է իր տեղում): Բայց դե, այդ կոդն արդեն վերածվել է «փչացած պլաստինկայի». հանրությունն ամեն ինչ ու ամեն մեկին կգնահատի ընտրությունների ժամանակ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը