Մեկնաբանություն

24.01.2017 01:24


«Անբիծ» ընտրությունները սկսում են խախտումով

«Անբիծ» ընտրությունները սկսում են խախտումով

Սահմանադրություն, ցանկացած օրենք ու կարգ խախտող իշխանությանը դժվար է վերադարձնել օրինավորության հուն: Նման արժեհամակարգ ունեցող իշխող ուժի համար միշտ էլ անընդունելի են ընդդիմախոսների հիմնավորումները: Իրենց «պալոժ» չի լսել, ուսումնասիրել ընդդիմության ներկայացրած փաստարկներն ու ապացույցները: Այդքան լայնախոհ չեն, որ ընդառաջ գնան ընդդիմախոսներին և փորձեն շտկել իրավիճակը: ՀՀԿ ղեկավարը կարող է խոսել «անբիծ» ընտրություններ անցկացնելու մասին, սակայն մյուս կողմից էլ այդ ընտրություններն սկսել խախտումով:

ԱԺ ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը հակասահմանադրական է, ինչի մասին հայտարարել է «Համախմբում» կուսակցությունը: Կուսակցության իրավաբանական խումբը մանրամասն ներկայացրել է հիմնավորումներ, մատնանշել փոփոխված Սահմանադրության համապատասխան հոդվածը, ԸՕ-ի հոդվածներն ու դրույթները և ապացուցել, որ ապրիլի 2-ը ընտրության օր նշանակելը հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրության 91-րդ հոդվածը դեռ ուժի մեջ չի մտել, իսկ ԸՕ-ն չի կարող Սահմանադրությունից վեր լինել: Հետևաբար, ըստ գործող Սահմանադրության, այդ օրը պետք է նշանակվի ապրիլի 20-21-ին:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը հարցի կապակցությամբ անգամ Բաց նամակ է հասցեագրել Սերժ Սարգսյանին՝ նամակը վերնագրելով այսպես՝ «Չսկսենք խախտումով»:

Բացի հակասահմանադրական համարվելու փաստը, հարցն ունի նաև բարոյական կողմ: Ապրիլի 2-ը 2016-ին տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակների տարելիցի օրն է: Իսկապես, հոգեբանորեն և բարոյապես չափազանց ծանր է նույն օրը համապետական ընտրություններ անցկացնելը: Սակայն Սերժ Սարգսյանին ուղղված նամակին պատասխանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը: Նա ընդդիմությանը ցույց է տալիս Սահմանադրական դատարանի տեղը և ասում՝ թող գնան ու այնտեղ վիճարկեն այդ հարցը: Հարցին, թե, օրինակ, Հանրապետական կուսակցությունը այդ հարցով կդիմի՞ ՍԴ, Սահակյանն արձագանքել է․ «Հանրապետականն իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է դրա հետ կապված: Մենք գտնում ենք, որ ապրիլի 2-ը հակասության մեջ չէ, և ապրիլի 2-ին մենք պատրաստվում ենք մասնակցելու, անցկացնելու ընտրական գործընթացները: Կհորդորեմ գործիչներին և մեր քաղաքական ուժերին՝ ավելի լավ է պատրաստվենք ընտրությունները նորմալ անցկացնելուն, քան թե փորձենք ինչ-որ խնդիրներ առաջացնել»: Այսինքն՝ ինչ ուզում է լինի, միևնույնն է, իրենք այդ օրը չեն փոխելու: Այնպես, որ ընդդիմությունը թող չփորձի խնդիներ առաջացնել:

Այսպիսին են ՀՀԿ ղեկավարի պատկերացրած «անբիծ» ընտրությունները, որը որոշել են սկսել խախտումով: Եվ որ պակաս ուշագրավ չէ՝ իշխող ուժի և նրա ղեկավարի համար բացարձակապես նշանակություն չունի ապրիլյան պատերազմի զոհերի առաջին տարելիցի իրողությունը: Դե, օրվա համընկնումը նույնիսկ ձեռնտու է իշխող ուժին, քանի որ ընտրությունների մասնակիցների թիվը որքան քիչ լինի (իսկ այդ օրը, հասկանալի է, զոհերի հարազատները, ընկերներն ու ծանոթները և ոչ միայն նրանք, հիշատակի արարողությունների են մասնակցելու, գտնվելու են այնպիսի հոգեվիճակում, որ ընտրատեղամասն աչքներին չի էլ երևալու, չեն գնալու) այնքան լավ իրենց համար: Ավելի հեշտանում է տոկոս խփելու գործը: Եթե այդպես չէ, ապա պարտավոր էին (պարտավոր են) փոխել օրը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը