Կարծիք

23.01.2017 11:55


Ուր էր և ինչ էր անում մարտի 1-ի դեպքերի ժամանակ Սերժ Սարգսյանը

Ուր էր և ինչ էր անում մարտի 1-ի դեպքերի ժամանակ Սերժ Սարգսյանը

Ես ասել եմ և կրկին կասեմ՝ մարտի 1-ը շատերի համար այլևս ողբերգություն չէ, այլ քաղաքական սպեկուլյացիաներ անելու պատրվակ։ Տեսեք, վերջիվերջո, մարտի 1-ին 10 զոհի գնով իշխանության եկավ Սերժ Սարգսյանը, բայց նա իր ղեկավարության տարիներին կարողացավ այնպես անել, որ հանրային դիսկուրսում բոլորի դերի մասին այդ ողբերգության մեջ խոսեն, բայց իր մասին լռեն։

Տեսեք, Սեյրան Օհանյանը տեսաուղերձով հանդես եկավ, և թե՛ իշխանական ԶԼՄ-ն, թե՛ իշխանական ֆեյքերը սկսեցին մեղադրանքների տարափ իջեցնել Օհանյանի գլխին, հիշեցնելով իրեն, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեսաուղերձով է հանդես եկել։ Իմիջիայլոց, նման բան անում էին նաև Օսկանյանի դեմ։ Բայց տեսեք, փաստորեն, մարտի 1-ի դեպքերի ժամանակ Օսկանյանը փորձեց կանխել արյունահեղությունը և հանդես եկավ ասուլիսով, իսկ Օհանյանն ի պաշտոնե հայտարարություն արեց՝ նույնպես զսպվածության կոչով, բայց այդ օրերին կորել էր Սերժ Սարգսյանը։ Նա չկար, հետո «վդրուգ» հայտնվեց մի «պարնիկում», որտեղ իրեն ցույց էին տալիս, թե ինչ պոմիդորներ են աճեցրել։

Մարտի 1-ի դեպքերի մասին նա այդպես էլ երկար չխոսեց, չնայած, որպես նորընտիր նախագահ, պարտավոր էր ուղերձով դիմել թե՛ ժողովրդին, թե՛ ընդդիմությանը, բայց նա դա չարեց։ Սարգսյանն առհասարակ սեր չունի կրիտիկական պահերին ժողովրդին դիմելու հետ։ Մարտի 1-ին լռեց, Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո լռեց, ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերին չխոսեց, իսկ ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո անգամ նախագահականում չէին ասում, թե նա որտեղ է։

Ասածս այն է, որ նախ և առաջ պետք է հարցնել, թե ուր էր և ինչ էր անում մարտի 1-ի դեպքերի ժամանակ Սերժ Սարգսյանը, հետո նոր մնացածի մասին խոսել․․․Իսկ իշխանական քարոզիչներին կոչ եմ անում թարգել անիմաստ խոսակցություններն այդ թեմայով, որովհետև դրանք, միևնույն է, շուռ են գալու Սարգսյանի դեմ։

Արմեն Միքայլեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը