Մեկնաբանություն

23.01.2017 00:05


Խաղաղապահները և մենք

Խաղաղապահները և մենք

Չեմ ուզում հիշեցնել ու թվարկել, թե աշխարհի որ կետում են գործել խաղաղապահները, և որտեղ են նրանք խաղաղություն ապահովել, կամ ավելի ճիշտ՝ չապահովել:

Խաղաղապահները, մեծ հաշվով, խաղաղություն չեն ապահովում, և դա հանրահայտ փաստ է: Նրանք իրավիճակային գործիքներ են և կարող են կարճաժամկետում խաղաղություն ապահովել, սակայն երկարաժամկետում՝ ոչ:

Այս հանգամանքը մենք միշտ պետք է հաշվի առնենք:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթում կա խաղաղապահների կետը: Արդյոք դա մեզ պե՞տք է, և արդյոք դա խաղաղություն կբերի՞:

«Այն, որ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր, ի վերջո, տեղակայվելու են, միանշանակ է»,- նախընտրական ռազմահայրենասիրության և փիառի շրջանակներում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հարց է առաջանում՝ եթե մենք, ի վերջո, Ադրբեջանի հետ հաշտության եզր ենք գտնում, ապա ինչո՞ւ պետք է մեր արանքում խաղաղապահներ լինեն, այն էլ՝ միանշանակ: Եթե խաղաղապահներ են տեղակայվելու, նշանակում է, որ և՛ հակամարտող կողմերը, և՛ միջնորդները վստահ չեն, որ համաձայնությունը նորմալ հիմքերի վրա է: Եթե համաձայնությունը զուտ թղթի վրա է, ապա ինչո՞ւ պետք է հայկական կողմը տարածք զիջի: Զիջի ու հույսը դնի խաղաղապահների վրա՞: Բայց չէ՞ որ խաղաղապահներին անվտանգության ապահովումը զիջելն անմտություն է, հանցավոր անմտություն:

Իսկ եթե հակամարտության կողմերը փոխադարձ վստահության և ուժերի բալանսից ելնելով են հասնում հաշտության, ապա կրկին խաղաղապահների կարիք չկա: Ասել է թե՝ ցանկացած դեպքում խաղաղապահների մուտքը մեր տարածաշրջան իմաստազուրկ է: Նաև՝ վտանգավոր, քանզի մեր երկիրը և տարածաշրջանն ընդհանրապես դարձնում ենք գերտերությունների ռազմական մրցակցության թատերաբեմ:

Այնպես որ, հակամարտության կարգավորման և անվտանգության ապահովման բանալիները մեր ձեռքում են, ու պետք չէ դրանք տալ երրորդ ուժին: Ու որպեսզի այդ բանալիները մեզանից ոչ ոք չկարողանա խլել, պետք է Հայաստանի ներսում նոր որակի իշխանություն և հասարակական-քաղաքական նոր տիպի հարաբերություններ ձևավորել: Սերժ Սարգսյանն այդ նոր որակը չի ուզում և չի կարող ապահովել: Հետևաբար, ներքին կյանքի փոփոխությունն օրակարգի թիվ մեկ կետն է դառնում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը