Քաղաքական

22.01.2017 12:13


Սերժ Սարգսյան․ «Այն, որ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր ի վերջո տեղակայվելու են, միանշանակ է»

Սերժ Սարգսյան․ «Այն, որ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր ի վերջո տեղակայվելու են, միանշանակ է»

Պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է․

«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ չեն ընթանում: Երբեք այդպիսի բանակցություններ չեն եղել: Այն, որ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր ի վերջո տեղակայվելու են, սա միանշանակ է»։

Նա ընդգծել է, որ կողմերի համար պետք է ընդունելի լինեն խաղաղապահ ուժերի կազմն ու սկզբունքները և որ բանակցություններում չեն խորացել այս կետի շուրջ, որովհետև մնացած կետերի շուրջ համաձայնության չեն եկել:

«Ես երբեք չեմ եղել այն տեսակետի կողմնակիցը, որ մենք կարող են Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել: Ժամանակից աշխարհում ռազմական գործողություններ սկսել և այլ երկրի տարածքներ գրավել և ասել՝ սա իմն է, կարող են անել միայն պետությունները, որոնք աշխարհում եղանակ են ստեղծում, որոնք տասնյակ անգամ գերազանցում են իրենց հակառակորդին: Ենթադրենք, մենք ձեռնարկեցինք ռազմական օպերացիա, գրավեցինք ևս երկու-երեք շրջան: Հետո ի՞նչ է լինելու արդյունքում: Ադրբեջանցիները հանձնվելո՞ւ են: Երբ նրանք սկսում են ռազմական գործողություններ մենք ոչ միայն պաշտպանվենք, այլ նաև գործողություններ նախաձեռնենք: Դա տարբերակ է, և այդ տարբերակը մշտապես մեր կողմից դիտարկվում է: Բայց մեզ համար ընդունելին այն է, որ կարողանանք Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել, վերջնական կարգավիճակ տալ»,-հավելել է նա:

Նա նաև ասել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր բանակն ապացուցեց, որ կայացել է․

«Մեր բանակն այն ռեսուրսներով, որ հատկացրել ենք, կարողացել է դառնալ հայրենիքի պաշտպանը: Եվ, չնայած տարբեր հանգամաներին, մեր բանակը սիրված է մեր ժողովրդի կողմից: Այս 25 տարիների ընթացքում մեր բանակը կրթել և դաստիարակել է հարյուր հազարավոր երիտասարդների: Ես չեմ բացառում, որ ոմանք դժգոհ են եղել բանակում եղած տարբեր խնդիրների պատճառով: Այո՛, ունեցել ենք կորուստներ բանակում, ունեցել ենք նույնիսկ անտեղի կորուստներ, բայց հարյուր հազարավորները բանակից քաղել են, երևի, այնքան, որքան տվել են բանակին: Բանակն իր գոյությամբ այսօր ձեռքբերում է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը