Մեկնաբանություն

22.01.2017 11:25


Ոչ կանոնադրային հարաբերություններով ապրող երկիր

Ոչ կանոնադրային հարաբերություններով ապրող երկիր

Ահա՛ այն կարևոր դիտարկումը, որն իր ֆեյսբուքյան վերջին գրառման մեջ արել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Դեռևս ոչ ոք այսպես դիպուկ ու ճշգրիտ չէր բնութագրել երկրում քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ հաստատված հարաբերությունները:

«Ինչպես բանակի որևէ կառույցում ոչ կանոնադրային հարաբերությունները խախտում են առողջ մթնոլորտը՝ բացասաբար անդրադառնալով ծառայության որակի վրա, այնպես էլ պետության մյուս ոլորտներում է: Այսօր մեր երկրում քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ, կարելի է ասել, ոչ կանոնադրային հարաբերություններ են: Օրենքի առաջ անհավասարությունը, անարդարությունը, համատարած կողմնապահությունը և դրանից բխող մշտական կոռուպցիան՝ իրենց փոքր ու մեծ հետևանքներով, հենց բոլոր խնդիրների հիմքն են»,- նկատում է Սեյրան Օհանյանը։ Եվ, իսկապես, այդպես է:

Իսկ ընդհանրապես, Օհանյանի վերջին գրառումը կարելի է համարել նրա նախընտրական ծրագրի մինի-տարբերակը կամ՝ հենքը, ատաղձը: Այդ գրառման մեջ նա հստակորեն գնահատում է երկրում տիրող վիճակը՝ նշելով, որ այսօր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բանակն է դարձել երկրի թերևս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը: Սակայն բանակը ամուր թիկունքի կարիք ունի: Իսկ թիկունքում պատկերը, մեղմ ասած, աննախանձելի է: Թուլացած տնտեսություն, ահագնացող արտագաղթ, հուսալքված ժողովուրդ, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահություն...Իսկ աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։ Այնպես, որ, ըստ Սեյրան Օհանյանի, ցանկացած մտածող ու սրտացավ մարդու պետք է անհանգստացնի այս պատկերը: Ավելին. «Ես չափազանց կարևորում եմ երկրի կառավարման յուրաքանչյուր ոլորտում կադրային ճիշտ քաղաքականությունը, երբ մասնագետներն իրենց ճիշտ տեղերում հստակ և կարգապահ աշխատում են: Սակայն, ցավոք, մեր երկրում վաղուց խախտված է այդ մեխանիզմը։ Եվ ակնհայտ է, որ երկրի ընդհանուր քաղաքական, տնտեսական, հասարակական մթնոլորտն այլևս չի տալիս զարգացման, աճի, դրական փոփոխությունների հնարավորություն»,- նշում է նա։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նաև անկեղծորեն խոստովանում է. «Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը»։ Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր անհիմն պնդումներ են անում (որ զազրախոսության է նման), ասելով, թե «բա ինքը իշխանության մեջ էր, բա ինքը չէր կարա՞...» ու նման բաներ: Ո՛չ, չէր կարող, քանի որ այս տիպի կառավարման համակարգում «միջամտություններն» արգելված են: Իսկ նման խաղի կանոնները սահմանողին էլ բոլորս լավ գիտենք: Ինչևէ:

Սեյրան Օհանյանն իր գրառման վերջում հույս է հայտնում, որ «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեզ հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը։ Հերի՛ք է ապրենք լոկ երազանքներով՝ արդար երկրի մասին։ Սկսե՛նք վերջապես իրականացնել այդ երազանքները»։ Իրոք, որ՝ հերի՛ք է երազել, գործել է պետք, քանի դեռ երկրում արմատացած ոչ կանոնադրային հարաբերությունները պետությանը չեն կանգնեցրել աղետի առջև:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը