Մեկնաբանություն

21.01.2017 02:00


Սերժ Սարգսյանի քարոզչական զենքը

Սերժ Սարգսյանի քարոզչական զենքը

Սերժ Սարգսյանի ամենակարողության մասին խոսակցությունները և՛ միֆ են, և՛ իրականություն: Նայած որ կողմից դիտարկենք:

Սարգսյանին հաջողվել է նստել նախագահի աթոռին և հետագայում պահել այդ աթոռը: Եթե սա ենք ընդունում որպես ամենակարողության մասին գնահատականի հիմք, ապա, իրոք, նա ամենակարող գործիչ կարող է համարվել:

Նկատենք, սակայն, որ արտաքին ու ներքին ձախողումներին զուգահեռ ՀՀԿ ղեկավարը կարողացավ պահել աթոռը ոչ թե իր ուժեղության, այլ դիմացինների թուլության շնորհիվ: Ասել է թե, իրականում ամենակարողության մասին խոսակցությունները միֆեր են, որոնք ստեղծվում և տարածվում են հենց Սերժ Սարգսյանի կողմից:

Նրա քարոզչական ամենահիմնական զենքերից մեկը «Ամեն ինչ վերահսկվում է» կոդի տարածումն է: Ըստ այդմ՝ այն գործընթացները, որոնք ձեռնտու չեն Սերժ Սարգսյանին և որոնք նա չի կարողանում հետ պտտեցնել կամ իր շահերին ծառայեցնել, քարոզչական դաշտում որակվում են որպես Բ26-ի կողմից կառավարելի: Նպատակն այն է, որ հանկարծ չպայթի Սարգսյանի ամենակարողության մասին միֆը և հանկարծ իշխանական բուրգում չմտածեն, թե շեֆն իրավիճակին չի տիրապետում:

Ի դեպ, այդ տեխնոլոգիան վերջին շրջանում շատ է կիրառվում:

Օրինակ՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը դեմ էր, որպեսզի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտ ներկայացնի ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: Նա դեմ էր, բայց չկարողացավ կանխել Օհանյանի քայլերը:

Ու հիմա անկախ «մամուլի» միջոցով նա տարածում է, թե, իբր, Օհանյանի մուտքը քաղաքական դաշտ Բ26-ին ձեռնտու է և վերջինս վերահսկելի է: Նման բան չկա և չի կարող լինել: Սարգսյանին կարելի է շատ բաների մեջ մեղադրել, բայց ոչ քաղաքական մազոխիզմի:

Գրեթե նույնաբովանդակ քարոզչություն կա նաև Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձի պահով: Սերժ Սարգսյանը, բնականաբար, դեմ էր այդ վերադարձին, բայց չկարողացավ կանխել (Բակո Սահակյանի ու մյուսների միջնորդական առաքելությունը, փաստորեն, չստացվեց):

«Անկախ» մամուլը կրկին տարածում է, թե, իբր, Ծառուկյանը Սարգսյանի «դաբրոյով» է մասնակցելու ԱԺ ընտրություններին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Սարգսյանն ինչո՞ւ պետք է իր համար խնդիրներ ստեղծեր և հետո փորձեր հերոսաբար լուծել: Կրկնենք՝ Սարգսյանը քաղաքական մազոխիստ չէ: Նրա ձեռքին ճար լիներ, Օհանյանին էլ, Ծառուկյանին էլ չէր թողնի քաղաքական գործընթացի մեջ մտնել: Այնպես որ...

Ամփոփելով թեման՝ նկատենք, որ Սարգսյանն ամենևին էլ ամենակարող չէ: Քաղաքական դաշտն է անկարող եղել և չի կարողացել համախմբել հանրությանը, ինչի հետևանքով էլ Սարգսյանը մնացել է իր տեղում: Առաջիկայում հարմար առիթ կա հերքելու և վերջնականապես պայթեցնելու նրա ամենակարողության մասին միֆը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը