Կարծիք

20.01.2017 17:01


Այս դաշինքներն են իրական վտանգ ներկայացնում իշխող ռեժիմին

Այս դաշինքներն են իրական վտանգ ներկայացնում իշխող ռեժիմին

Մինչ խորհրդարանական ընտրությունները դեռ 2 ամսից ավելի կա, սակայն արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պայքար է մեզ սպասվում։ Արդեն իսկ ուրվագծվում են երկու հզոր ոչիշխանական դաշինքներ՝ մեկը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մյուսը՝ Սեյրան Օհանյանի։ Այս երկու դաշինքները դիմակայելու են ՀՀԿ-ին։

Այս պահին արդեն կարելի է ասել, որ հենց այս երկու դաշինքներն են իրական վտանգ ներկայացնում իշխող ռեժիմի համար։ Եվ հենց սա է պատճառը, որ դեռ նախընտրական քարոզը չսկսած՝ իշխանություններն իսկական տեղեկատվական արշավ են սկսել Ծառուկյանի, Օհանյանի և նրանց սատարող ուժերի դեմ։

Պարզ է նաև, որ այս երկու ուժերը չեն մրցակցի միմյանց դեմ։ Համենայնդեպս, երկուստեք հրապարակային հայտարարությունները վկայում են փոխադարձ հարգանքի, նաև համագործակցության պատրաստակամության մասին։ Այս հնարավոր համագործակցությունն է, որ նյարդայնացնում է գործող իշխանություններին, և նրանք գործի են դրել հնարավոր բոլոր միջոցները դա թույլ չտալու համար։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ այս խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվելու են նախորդներից․ հասարակությանն իրական այլընտրանք է առաջարկվում, և հնարավորություն ստեղծվում իշխանափոխության համար։ Մնում է՝ հասարակությունը դա գիտակցի և կամք դրսևորի։

Ակնհայտ է նաև, որ այս դաշինքները դառնալու են հաստիքային ընդդիմության հիմնական թիրախը։ Պղտոր ջրում մանդատ որսացողները մեր երկրում ընտրական գործընթացների անբաժանելի մասն են։ Սակայն չեմ կարծում, որ դրանք լուրջ դերակատարում կունենան։ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը դրանց այլևս չի վստահում։
Այսպիսով, ՀՀԿ-ն ստիպված է միայնակ դիմադրել օրեցօր հզորացող ալիքին։ Դե, երբ ասում ենք՝ ՀՀԿ-ն, էն մանր-մունր կոալիցիոն գործընկերներն էլ հետն են։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը