Լրահոս

20.01.2017 15:23


Վարդան Օսկանյանը ներքաղաքական զարգացումների մասին (տեսանյութ)

Վարդան Օսկանյանը ներքաղաքական զարգացումների մասին (տեսանյութ)

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հարցազրույցն «Ազատությանը»

Վարդան Օսկանյան․ - Անպայման Սեյրան Օհանյանը ներգրավվածություն կունենա: Նա այս պահին կուսակցական չէ: Ես կարծում եմ՝ այդպես էլ կմնա, որովհետև մենք դաշինքը ընդլայնելու խնդիր ունենք: Դա նաև մեզ հնարավորություն կտա տարբեր տեսակի ձևաչափեր անել հետագայում, երբ որ այլ դաշինքներ կամ այլ քաղաքական ուժեր մեզ միանան:

«Ազատություն»․ - Այսինքն, ինչպիսին էլ վերջնականում լինի ձեր դաշինքը, Սեյրան Օհանյանը լինելո՞ւ է այդ դաշինքում:

Վարդան Օսկանյան․ - Այո, ես կարող եմ դա արդեն հաստատել, որ նա անպայման ներգրավված է լինելու:

«Ազատություն»․ - Դուք հանդիպել եք Սեյրան Օհանյանի հետ, և, բնականաբար, փորձել եք հասկանալ՝ ինչու նա որոշեց ընդդիմադիր դաշտում հայտնվել: Ի վերջո նա տևական ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի թիմի անդամ, իշխող Հանրապետականի հենարան, և միանգամից հայտնվելով ընդդիմադիր դաշտում և հայտարարելով, որ վերջապես պետք է վստահության վրա ձևավորված իշխանություն գա, մի տեսակ անհամոզիչ է թվում: Դուք Ձեզ համար հասկացե՞լ եք, ինչո՞ւ Սեյրան Օհանյանը այսպես կտրուկ որոշեց իշխանական դաշտից տեղափոխվել արմատական ընդդիմադիր դաշտ:

Վարդան Օսկանյան․ - Ցանկացած հայրենասեր մարդ, որ մտահոգված է այս երկրի ապագայով, նման քայլ կաներ: Ես համոզված եմ, որ նույն Հանրապետական կուսակցության մեջ բազմաթիվ մարդիկ կան, որ կուզենային նման քայլ անել, բայց երևի իրենց համարձակությունը չի հերիքում, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ իշխանությունը արդեն սպառել է իրեն և փոփոխություն է պետք:

Սեյրան Օհանյանը այն մարդն էր, որ ունեցավ համարձակությունը, որովհետև մտահոգ է երկրի ապագայով, պատկերացնում է լուծումները, տեսնում է խնդիրները և որոշեց դուրս գալ իշխանությունից, որպեսզի կարողանա ինքնուրույն մասնակցել ընտրություններին իր համախոհ մարդկանց հետ: Եվ այդ համախոհներից մեկը ես եմ:

Ես Սեյրան Օհանյանին շատ լավ եմ հասկանում, որովհետև մոտավորապես նույն բանը ես եմ արել 2008 թվականին: Տարբերությունը այն է, որ ես առաջին պահին չեմ ընդունել առաջարկությունը իշխանության մեջ լինելու, որովհետև ես արդեն այս խնդիրները իմ իշխանության մեջ եղած շրջանին տեսել էի, պատկերացնում էի և զգում էի, որ ընդդիմադիր դիրքերից պետք է ինչ-որ մի պահ հանդես գան այնպիսի մարդիկ, որոնք եղել են իշխանության մեջ, տեսնում են խնդիրները և նաև կարող են լուծումներ առաջարկել:

Ես իսկապես շատ ուրախ եմ, որ Սեյրան Օհանյանն էլ, գոնե այս պահին, այդ քայլը արեց, որպեսզի մենք կարողանանք մեր ջանքերը միացնել և կարողանանք ժողովրդին իսկապես այլընտրանք տալ:

Շատ ուժեղ, լավ կորիզ է ձևավորվում այստեղ: Իմ և Սեյրան Օհանյանի՝ միասին քաղաքական դաշտում ներկայանալը ժողովրդին պետք է տա այդ այլընտրանքը, որը իրենք ուզում են տեսնել հաջորդ ընտրությունների նախաշեմին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը