Մեկնաբանություն

08.01.2010 21:39


Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ

Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ

Եթե հետադարձ հայացք նետենք, ապա պարզ կերևա, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պիկը անցյալում է։ Դա տեսնում ու հասկանում են նաև նրա շուրջը հավաքված տարբեր տրամաչափի կազմակերպություններն ու գործիչները։

Ընդամենը 2 տարի առաջ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ինքնավստահ և «պապայական» ոճով շնորհավորում էր ժողովրդի Նոր տարին։ Այդ շնորհավորանքը թերթերի ու  DVD-ների միջոցով տարածվում  էր Հայաստանի ողջ տարածքով մեկ։ Սակայն այս Ամանորը չուներ նախկին պաթետիզմը։ Հայ ժողովրդին այս տարի շնորհավորեց Տեր-Պետրոսյանի քաղբանտարկյալ թիմակից Նիկոլ Փաշինյանը, և դա շատ խորհրդանշական էր՝ մանավանդ ՀԱԿ շարքային ակտիվիստների այն խոսակցությունների ֆոնին, որ Նիկո՛լը պետք է փոխարինի անվճռական Տեր–Պետրոսյանին։ Այդ առումով յուրօրինակ փորձաքար կարող է  դառնալ թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրությունը։ Եթե Փաշինյանը հաղթեց, ապա նա կլինի միակը,  ով Տեր-Պետրոսյանի թիմից իրական արդյունք է  ապահովել։ ՀԱԿ-ում դա շատ լավ հասկանում են և պատահական չէ, որ ՀՀՇ-կան Արամ Մանուկյանը հունվարի 8-ի հանրահավաքում խոսում էր այն մասին, որ բարոյական հաղթանակներն անբարոյականություն են։ Նրա ասածի ենթատեքստը հասկանալի էր և ուղղված էր ՀԱԿ ղեկավարությանը։

Բանն այն է, որ մինչև այժմ Տեր-Պետրոսյանը ֆորմալ պարտություն է կրել և փորձել է վիճակը ներկայացնել բարոյական հաղթանակների տեսքով (ժողովրդի ակտիվացում, իրավունքների համար մշտապես պայքարող զանգվածի գոյություն և այլն)։ Բարոյական հաղթանակի թեման հատկապես արդիական դարձավ նաև  բարոյական հաղթանակների խորհրդանիշի վերածված Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ Տեր–Պետրոսյանը փորձեց վերաիմաստավորել բարոյական հաղթանակների շարքը՝ դրանք ներկայացնելով որպես իրական հաղթանակներ։ Բայց Տեր-Պետրոսյանի թիմին, ենթադրաբար, չի բավարարում  վերացական արդյունքը, և նրանք, թերևս, հույս են կապում  թիվ 10 ընտրատարածքի հետ։

Նիկոլի հաղթանակի դեպքում Կոնգրեսում տրամադրությունների և քաղաքական ֆիգուրների որոշակի դերափոփոխություն կարող է լինել ու դրա համար, օդ ու ջրի պես, հաղթանակ է պետք։ Արդյունք չարձանագրելու դեպքում ՀԱԿ-ում կխորանա  հիասթափությունն ու անելանելիությունը։

Ի դեպ, այս վերջին շրջանում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի քաղաքական խանդ կա ՀԱԿ-ի մի թևի մոտ։ Հետևաբար ակնհայտ է,  որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր նեղ շրջապատը, հասկանալի պատճառներով, այնքան  էլ շահագրգռված չեն Նիկոլի հաջողությամբ։ Նիկոլը նրանց պետք է բացառապես որպես քաղբանտարկյալ, այլ ոչ թե հաղթանակ տարած գործիչ։ Բայց մյուս կողմից էլ՝ Նիկոլի պարտությունը կլինի նաև Լ. Տեր–Պետրոսյանինն ու ողջ ՀԱԿ–ինը։

Մեր կողմից գնահատենք, որ մեծ հաշվով տերպետրոսյանական ընդդիմությունը սպառվել է և դա երևաց նաև Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում։ Տեր–Պետրոսյանի խոսքն անվստահ էր։ Զգացվում էր, որ նա համակերպվել է իր պարտության հետ և հանրահավաքի է դուրս եկել ստիպված՝ ուրիշ ճար չունի։ Նա հաջորդ հանրահավաքի օր նշանակեց մարտի 1–ը։ Այսինքն եթե Նիկոլի ձայները կեղծվեն, ապա նա նախապես է հայտարարում, որ ոչ մի բան չի անելու՝ այլապես ի՞նչ իմաստ ուներ հաջորդ հանրահավաքի օր նշելը։ Դուրս է գալիս, որ ընտրության ցանկացած ելքի հետ ՀԱԿ–ում համակերպվելու են։ Իսկ մարտի 1–ին հանրահավաք նշանակելը նույնպես կարելի է ասել, որ ստիպված է արվում։

Հիմա Տեր–Պետրոսյանի միակ հույսը մնացել են երկու հանգամանք կամ Սերժ Սարգսյանն ընդառաջ կգնա իր առաջարկներին ու «կերկխոսի», կամ արտաքին ֆոնն անբարենպաստ կլինի Հայաստանի համար ու շանս կառաջանա իշխանությունը վերցնել։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀ առաջին նախագահի միակ գործն սպասելն է։ Սպասելը։

Թե ինչպիսի՞ն  կլինի ՀԱԿ-ի  հետագա ճակատագիրը՝  մասամբ կախված է նաև կիրակնօրյա ընտրական գործընթացից։ Չնայած ամեն ինչ կարծես պարզից էլ պարզ է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը