Մեկնաբանություն

19.01.2017 01:35


«Օդափոխել» հանրային գիտակցությունը

«Օդափոխել» հանրային գիտակցությունը

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ողջ շրջանում նրա ունեցած «ձեռքբերումներին» ծանոթ ենք, և դրանք թվարկել չարժե: Ընդամենը կարելի է նայել երկրին ու վերհիշել այդ բոլոր «ձեռբերումները»: Սակայն նրա «ձեռքբերումների» շարքում առանձնանում է մեկը, որի մասին քիչ է խոսվել:

ՀՀԿ ղեկավարը ութ ու կես տարի պատեհ-անպատեհ օգտագործել է «մեր քույրերն ու եղբայրները» բառակապակցությունը և փորձել այդկերպ ներկայանալ, իբր, բոլորին «լավ աչքով նայող» ղեկավար: Առաջին հերթին իր քաղաքական հակառակորդներին, նրանց համակիրների բանակին կամ իր գլխավորած կուսակցությանը մրցակից ուժերին և նրանց շարքերին է դիմել այդպես՝ «քույրեր ու եղբայրներ»: Իրականում, սակայն, այդ «բարեհոգի դիմելաձևի» տակ թաքցրել է սեփական մտադրությունը՝ հնարավորինս պառակտել ժողովրդին: Պառակտված ժողովրդին կառավարելը հեշտ է, և Սարգսյանն ուզում է հասնել իր ուզածին:

Պառակտիչ գործելակերպի հետ մեկտեղ՝ նրան հաջողվել է անհուսություն և անհավատություն սերմանել հանրության շրջանում: Դեռ նախընտրական փուլի մեկնարկը պաշտոնապես չի տրվել, բայց արդեն տեսնում ենք, թե ինչպես են հանրային շերտերը «գզում» իրար, տեսնում ենք, թե որքան է թեժանում «պառակտիչ կրակը», երբ ոչ ոք ոչ ոքի չի հավատում: Սա չափազանց վտանգավոր իրավիճակ է, որում հայտնվել է ժողովուրդը:

Պառակտվածության, հուսահատության, անվստահության մթնոլորտում հանրության զգալի մասը կորցնում է առողջ դատելու, երևույթները սթափ գնահատելու, երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության զգացում դրսևորելու ունակությունը:

Նման վիճակը, բնականաբար, ձեռնտու է միայն իշխող ուժին և նրա ղեկավարին: Հետևաբար, ստեղծված և ձևավորվելիք նախընտրական դաշինքների (որոնք գործում են ոչիշխանական դաշտում) գլխավոր խնդիրը նախ պետք է լինի հանրության գիտակցութունն «օդափոխելը»՝ վերջինիս մոտ վերականգնելով հույսը, վստահությունը և միմյանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը: Այդ դեպքում միայն մարդիկ կկարողանան թացը չորից ջոկել ու գիտակցել, որ իրար կոկորդ կրծելով ոչինչ չի փոխվի: Հակառակը՝ շահողն էլի իշխանությունը կլինի: Իսկ դա ոչ ոք չի ցանկանում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը