Քաղաքական

18.01.2017 17:00


Քաղաքական ընթացիկ գործընթացների հետ կապված մի քանի նկատառում

Քաղաքական ընթացիկ գործընթացների հետ կապված մի քանի նկատառում

Քաղաքական ընթացիկ գործընթացների հետ կապված մի քանի նկատառում.

1. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, այդ թվում՝ համատեղ գործունեության ձևաչափի մասով։ Երկուստեք հնչել են տեսակետներ, որ պետք է հնարավորինս լայն դաշինքով հանդես գալ։ Այդ հանդիպումները լինելու են պարբերական։
2. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքն, անշուշտ, ընդլայնվելու է։ Ներգրավվելու են ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաև հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և հասարակական ակտիվություն ցուցաբերող անհատներ։ Նպատակը մեկն է՝ ձևավորել այլընտրանքային բևեռ և հանրությանը ներկայանալ նոր գաղափարներով, նոր ծրագրերով և փոփոխությունների կարգախոսով։
3. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության իրավաբանները հիմնավորում են ներկայացրել, ըստ որի՝ ԱԺ հերթական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Մենք համոզված ենք, որ հակասահմանադրական այս որոշումը պետք է դառնա հանրային ու քաղաքական քննարկման առարկա։ Խնդիրն այս կամ այն օրն առաջ կամ հետ բերելը չէ։ Խնդիրն այն է, որ չի կարելի ի սկզբանե հակասահմանադրական հիմքեր դնել սահմանադրորեն ամրագրված ամենակարևորագույն քաղաքական գործընթացի տակ։
Ի դեպ, ապրիլի 2–ին ընտրության օր նշանակելը նաև այլ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք է տալիս նախորդ տարվա ապրիլի 2–ին սկիզբ առած քառօրյա պատերազմի համատեքստում։ Սա արդեն բարոյաքաղաքական հարթության մեջ է։
4. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը միանշանակ ողջունում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն, ըստ որի՝ ինքը դաշինքի միջոցով մասնակցելու է ընտրական գործընթացներին։ Փաստորեն, կստացվի, որ արդեն իսկ երկու առանձին բևեռներ են գործելու ոչիշխանական դաշտում, և ամեն մեկը կարող է մեծ ընտրազանգված համախմբել։ Քաղաքական դաշտի նման ուրվագծումը բխում է հասարակության իրական տրամադրություններից և սպասումներից։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը