Մեկնաբանություն

18.01.2017 01:35


Քաղաքական դաշտի նոր դասավորությունը

Քաղաքական դաշտի նոր դասավորությունը

Երեկ հագեցած օր էր ներքաղաքական կյանքին վերաբերող տեղեկատվական հոսքերով:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր քննարկեցին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ու թեև հայտնի էր, որ նմանատիպ հանդիպումներ նախկինում էլ էին եղել, երեկվանը հրապարակայնացվեց, ինչին էլ հաջորդեց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ այդ կուսակցություններն ԱԺ ընտրություններին մասնակցելու են դաշինքով: Դա նշանակում է, որ համատեղ գործելու համաձայնության են եկել Օսկանյանն ու Օհանյանը, քանզի գաղտնիք չէ, որ Վիկտոր Դալլաքյանի գլխավորած «Երրորդ հանրապետությունը» փաստացի կապված է պաշտպանության նախկին նախարարի հետ:

Դատելով ամենից՝ այդ դաշինքն ընդլայնվելու է, և տարբեր տիպի քաղաքական ուժեր, հասարակական միավորումներ և ազդեցիկ անհատներ են միանալու: Այսինքն՝ ոչիշխանական դաշտում մենք կունենանք ուժի կենտրոն, որը կարող է մեծ շարասյունով մտնել խորհրդարան:

Մեծ շարասյունով խորհրդարան մտնելու հայտ էր նաև Գագիկ Ծառուկյանի խոսքը: ՀԱՕԿ նախագահն իր քաղաքական փակված էջը բացելով՝ ստեղծեց ոչիշխանական դաշտում ևս մեկ լայն դաշինքի ձևավորման հնարավորություն:

Այսպիսով, երեկվա իրադարձություններն արդեն այսօր նոր դասավորություն են առաջացրել քաղաքական դաշտում: Իշխանական թևում հազար կտորի ու բազմաթիվ թևերի բաժանված ՀՀԿ-ն է, իսկ ոչիշխանական դաշտում առաջացել են համախմբման մեծ պոտենցիալ ունեցող երկու կենտրոններ՝ Օհանյանի ու Ծառուկյանի գլխավորությամբ:

Թե ինչ ձևաչափով և քանի շարասյունով խորհրդարան կմտնեն ոչիշխանական ուժերը, ցույց կտան ապրիլյան ընտրությունները: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի քաղաքական դաշտում առաջանա մի վիճակ, երբ արդյունքներն արդեն հնարավոր չէ կեղծել. մարտը հաղթում են մարտից առաջ:

Մեկ բան ակնհայտ է՝ եթե որևէ քաղաքական ուժ կամ անհատ անկեղծորեն ցանկանում է թույլ չտալ գործող իշխանական նեղ խմբի վերարտադրությունը, ուզում է կանգնեցնել մեր պետության հետընթացը և դրական փոփոխություններ իրականացնել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում, ապա պետք է մանր-մունր խնդիրները մի կողմ դնի, անձնական հավակնությունները ստորադասի ընդհանուր գործին և նպաստի հաղթանակին:

Սերժ Սարգսյանի հույսն այն է, որ միավորումներ չեն լինի, և առաձին-առանձին բոլոր ուժերի ձայները հնարավոր կլինի փոշիացնել: Նա այդ ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում: Բայց դե, այս կողմից էլ ճիշտ հակառակ նպատակով ջանք գործադրողներ կան:

Ամենակարևորն այն է, որ հանրության ճնշող մեծամասնությունը փոփոխության պահանջ ունի և այդ փոփոխությունը տեսնում է քաղաքական համախմբվածության միջոցով:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը