Մեկնաբանություն

17.01.2017 00:05


Ինչու Հայաստանը չի դառնում գրավիչ

Ինչու Հայաստանը չի դառնում գրավիչ

Թուրքիայում գործազրկության աճի միտումը շարունակվում է: 2016-ին գործազուրկների թիվն ավելացել է 500.000-ով` հասնելով 3.647.000-ի:

Մի քանի տարի առաջ, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ էր, հայտարարեց, թե Թուրքիայիում ապրում և աշխատում է 80 հազար ՀՀ քաղաքացի (և դա ասում էր սպառնալից տոնով, թե կարող է ուզած պահին 80 հազար ՀՀ քաղաքացիներին դուրս քշել իր երկրից): Հիմա գործազրկության ծավալներն այնտեղ ավելացել են, և անգամ այդ պարագայում ՀՀ քաղաքացիները հայրենիք չեն վերադառնում:

Սիրիայում տիրող վիճակը հայտնի է բոլորիս. տարիներով պատերազմական-կիսապատերազմական իրավիճակը շարունակվում է, բայց անգամ այդ պարագայում սիրիահայությունը հայրենիք չի վերադառնում: Չնչին թվով հալեպցիներ են «շշկռվել» ու Հայաստան եկել, սակայն կարճ ժամանակ անց այստեղից հեռացել են ու հանգրվանել եվրոպաներում, ամերիկաներում, և նույնիսկ Թուրքիա մեկնողներ են եղել:

Ի դեպ, սիրիահայության համար ծրագրված ավանի կառուցումը ի՞նչ եղավ, որի շինարարությունը, ըստ հայտարարվածի, պետք է դեռ երկու տարի առաջ սկսվեր (կարծեմ՝ Աշտարակի կողմերում և այդ նպատակով անգամ լուսահոգի Հրանտ Վարդանյանը 250 հազար դոլար նվիրաբերեց):

Ուկրաինայում էլ հայտնի էր իրավիճակը, սակայն այնտեղից ոչ մի հայ չվերադարձավ հայրենիք: Ռուսաստանում և այլուր հիմա սոցիալ-տնտեսական իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, սակայն այդ կողմերից էլ ոչ մի հայ չի ցանկանում վերադառնալ և ապրել Հայաստանում:

Այսինքն՝ թե՛ վերջին 8 տարում երկրից հեռացած 300 հազար ՀՀ քաղաքացիները և թե՛ ավելի վաղ դրսերում՝ տարբեր երկրներում հաստատված հայությունը ոչ մի ցանկություն չի դրսևորում և մտադրություն էլ չունի գալ և հաստատվել իր հայրենիքում: Այս տխուր խորապատկերին Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը և դրա ժամանակ արած հայտարարությունը, մեղմ ասած, թոզփչոցի է:

«Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային ընկերություններին, տարբեր մասնագետների, շնորհաշատ մարդկանց, ինչպես նաև ավելի առարկայորեն մասնակցենք աշխատանքի միջազգային բաժանմանը: Եվ որպեսզի միջազգային բիզնեսի համար Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ, մենք նոր շունչ պետք է հաղորդենք դատական, ֆինանսական, հարկային ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ավելի եռանդուն կատարելագործենք մեր բիզնես միջավայրը, ինչը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մեր երկրի զարգացմանը, բարեփոխումներին նոր ուժ հաղորդելու»,- «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ հրավիրած խորհրդակցության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

Եթե ՀՀ-ում օրենքները չեն գործում և այդ պատճառով հայրենիքը «գրավչությունը» կորցնում է դրսում ապրող մեր հայրենակիցների աչքում, ապա միջազգային բիզնեսն էս կողմերում ի՞նչ գործ կարող է ունենալ:

Եթե արտաքին ներդրումները անցած տարիներին նվազել են, ավելին՝ տեղական արտադրողն էլ է իր կապիտալը դուրս հանել երկրից, ապա հիմա այդ ո՞ր մի օտարերկրացի բիզնեսմենը կցանկանա Հայաստանում «գործ դնել»:

Եթե անցած տարիներին իշխող ուժն ու նրա ղեկավարը արգելակել են երկրի զարգացումը, ապա հիմա միջազգային բիզնեսը ի՞նչը հիմք պետք է ընդունի կամ ի՞նչ երաշխիքներ կարող է ունենալ Հայաստանում գործունեություն ծավալելու համար:

Սարգսյանի խոստացած և չիրականացրած բարեփոխումներին այստեղ ոչ ոք չի հավատում, ինչո՞ւ պետք է ուրիշները հավատան և գան ու գործեն այս «գրավիչ» երկրում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը