Քաղաքական

16.01.2017 16:27


Փաստաբան. «Նման եղանակով հասարակության աչքը վախեցնում են»

Փաստաբան. «Նման եղանակով հասարակության աչքը վախեցնում են»

Փաստաբան Արա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադառնալով 2016թ․հուլիսին ՊՊԾ գնդի գրավումից հետո խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողություններին՝ համաձայնել է այն տեսակետին, որ նման իրադարձություններ, չհաշված մարտի 1-ը, Հայաստանում տեղի չէին ունեցել։

«Այո՛, ես ցավում եմ։ Որպես ՀՀ քաղաքացի՝ կարծում էի, որ իշխանությունները չեն գնա նման պրովոկացիոն քայլի, չեն փորձի այդ անձանց (ովքեր, ըստ էության, կանխել են մեծ արյունահեղություն) նկատմամբ ապօրինի կերպով քրեական հետապնդում իրականացնել, բայց, ցավոք սրտի, մեր իշխանությունները հերթական անգամ չեն ցանկանում ճշմարտությունը պարզել։ Ուղղակի այդ եղանակով փորձում են ցանկացած անձի, ով խուլ ու հնազանդ չի ենթարկվում իշխանություններին, ցույց տալ, որ հնարավորություն ունեն պատժելու։ Սա բերեց նրան, որ բազմաթիվ անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, կալանավորվեցին այդ անձինք և հիմա ամբաստանյալների աթոռներին են նստած»։

Փաստաբանի խոսքով՝ իշխանությունները, ըստ էության, խաբելով ստիպեցին մեղադրյալներին ընդունել իրենց մեղքը՝ խոստանալով պայմանական պատիժ կիրառել։

«Իշխանությունը, շատ հստակ պատկերացնելով, որ մեղադրվողների գործողությունները, որպես այդպիսիք, հանցագործություն չեն պարունակում՝ գնացին հաջորդ քայլին։ Մեր պաշտպանյալների ազգականներին դիմելով, ըստ էության, ուլտիմատում ներկայացրեցին, որ եթե արագացված կարգով քննություն չանեն գործի վերաբերյալ, այսինքն՝ անձն այս դեպքում պետք է իրեն մեղավոր ճանաչի, որպես այդպիսին՝ դատաքննություն չի լինում, և դատարանն ուղղակի պատժաչափին պետք է անդրադառնա։ Խոստումներ տվեցին, որ եթե գնան այդ քայլին, ապա պայմանական կստանան, սակայն, ինչպես փորձը ցույց տվեց, դա եղավ ընդամենը մեկ-երկու դեպքում։ Երբ մեղադրյալները հարկադրված գնում էին այդ քայլին՝ հասկանալով, որ Հայաստանում չունենք անկախ և անկողմնակալ դատական մարմին, ով կարող է անկախ քննություն իրականացնել, ստիպված համաձայնվեցին արագացված դատաքննությանը, իշխանություններն այս անգամ ևս խաբեցին, և այս պարագայում ոչ միայն մեղադրական դատավճիռ էր կիրառվում, այլ նաև պայմանական պատիժն էր բացառվում։ Այսինքն՝ անձը չկատարած հանցագործության համար ոչ միայն պետք է դատապարտվի, այլ երկար տարիներ պատիժ կրի։ Նույն խնդիրը առաջացավ նաև մեր գործով։

Մենք՝ փաստաբաններս, շատ լավ գիտենք, որ եթե մեղադրողը միջնորդում է նշանակել պատիժ և իր ճառում նաև չի խնդրում պայմանական պատիժը չկիրառել, ապա մեր դատարանն ունակ չէ ինքնուրույն գնալ այդ քայլին։ Նույնը տեղի ունեցավ մեր գործով, երբ սկզբից հավաստիացնում էին, որ եթե արագացված քննությանը համաձայնվենք, այդ այս պարագայում պայմանական պատիժ կնշանակվի, և դատարանի դահլիճից մեր պաշտպանյալները դուրս կգան, բայց հերթական անգամ խաբեցին, և մեղադրողի ճառից հետո հասկանալի դարձավ, որ պայմանականորեն պատիժ չկիրառելու մասին խոսք չի կարող գնալ։ Ուղղակի իշխանություններին ամենևին էլ պետք չէ, որպեսզի լինի դատաքննություն, որպեսզի այդ դատաքննության ընթացքում բազմաթիվ հանգամանքներ պարզվեն, անձինք հարցաքննվեն, հասկանալի լինի՝ անհրաժեշտությունը որն էր նման ուժ կիրառելու, համաչա՞փ էր այն, թե ոչ, մեր մեղադրյալների գործողությունները հանցագործությո՞ւն են, թե ոչ, որպեսզի այդ ամենը չլինի, արագացված քննության պահանջ ներկայացրեցին»։

Հարցին՝ քանի՞ նման դեպք կա, ՊՊԾ գնդի գրավման օրերի ընթացքում քանի՞ մարդ է կալանավորվել, փաստաբանն ասել է․

«Եթե չեմ սխալվում, երեք հոգի են ազատվել ընդամենը, պայմանական պատիժ ստացել, իսկ մնացած դեպքերում պայմանականի մասին խոսք չի գնում։ Այսինքն՝ սկզբնական շրջանում, ցույց տալով, որ եթե դուք գնաք այս քայլին, պատիժը պայմանականորեն չի կիրառվի, անձինք հավատացին, գնացին այդ քայլին, և կանգնեցինք կոտրված տաշտակի առջև»։

Արա Զաքարյանի պնդմամբ՝ նման քայլերով իշխանությունները փորձում են ճնշում գործադրել հասարակության վրա՝ հետագայում բացառելով բողոքի ակցիաներն ու գործողությունները։

«Ես կարծում եմ, որ, ցավոք սրտի, իշխանությունը փորձում է նման եղանակով հասարակության աչքը վախեցնել, որ ակտիվ զանգված չլինի, որ բոլորը խուլ ու հնազանդ ենթարկվեն իշխանության պահանջին։ Չեմ բացառում նաև այն հանգամանքը, որ ԱԺ ընտրություններին մասնակցելուց զրկեն, որովհետև այդ անձինք և նրանց ազգականներն այն ակտիվ մասսան են, ովքեր հանուն իրենց սկզբունքների՝ պատրաստ են պայքարել, և որ մինչև ընտրություններն այդ մեծ զանգվածը հնարավորություն չունենա դուրսը լինելու, հնարավորություն չունենա իր տեսակետն ասելու և քարոզելու։ Դրա հետ մեկտեղ՝ կարծում եմ, որ նաև դրանով է պայմանավորված, որ մինչ օրս համաներման ակտ չի կիրառվել, թեպետ շատերը դրան սպասում են շատ երկար ժամանակ»։

Այս խորագրի վերջին նյութերը