Քաղաքական

16.01.2017 16:14


Արա Զաքարյան. «Իշխանությունը փորձում է խաղաղ ցույցերին մասնակցած անձանց մի մասին ենթարկել քրեական պատասխանատվության»

Արա Զաքարյան. «Իշխանությունը փորձում է խաղաղ ցույցերին մասնակցած անձանց մի մասին ենթարկել քրեական պատասխանատվության»

«Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական՝ Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակներում փաստաբան Արա Զաքարյանն անդրադարձել է Խորենացու փողոցում 2016թ․ հուլիսին ՊՊԾ գնդի գրավումից հետո խաղաղ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների արդյունքում ձերբակալվածների գործերով զարգացումներին և Հայաստանում դատաիրավական համակարգի վիճակին։

Մեկնաբանելով «Human Rights Watch»-ի զեկույցը՝ փաստաբանը նշել է, որ լիովին համաձայն է այնտեղ արտացոլված մտքերի հետ։

«Ցավոք սրտի, մարդու իրավունքների պաշտպանության առումով շատ լուրջ խնդիրների առջև ենք կանգնում, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքական երանգներ ունեցող քրեական գործերին և, մասնավորապես, այդ խաղաղ ցուցարարների գործերին։ Քննության առաջին իսկ օրվանից որոշակի խնդիրներ են առաջացել։

Չգիտես՝ ինչու անձանց բերման ենթարկելուց հետո հնարավորություն չէր տրվել հարազատների հետ կապվել, որպեսզի իրենց համար նաև փաստաբաններ վարձեն, առանց որևիցե հիմքի՝ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա արգելանք դրվեց, որպեսզի նրանք հնարավորություն չունենան ազգականների, հարազատների հետ և, ընդհանրապես, որևիցե մեկի հետ շփում իրականացնել։ Քննությունը շատ արագ տեմպերով կատարվեց, գործերը շատ արագ մասնատվեցին ու ուղարկվեցին դատարան՝ հնարավորություն չտալով նաև այդ նախաքննության ընթացքում պաշտպանվել։ Այնքան շատ խախտումներ տեղի ունեցան գործի քննության ընթացքում (այդ գործերի շրջանակներում պաշտպանում եմ Սոսո Մարգարյանի շահերը), և ես անձամբ ականատես եմ եղել՝ ինչ կոպիտ խախտումներ են թույլ տալիս, և որ մեր միջնորդությունները հրաժարվում են քննության առնել, ժամանակ չեն տրամադրում գործի նյութերին ծանոթանալ և բազմաթիվ այլ խախտումներ։

Ցավոք, այդ խախտումները միայն նախաքննությամբ չավարտվեցին. այդ ամբողջը շարունակվում է գործը դատարան գնալուց հետո էլ։ Իմ և ցանկացած իրավաբանի, ով իշխանության ներկայացուցիչ չէ և գործի հետ չի առնչվում, կամ եթե պաշտոնյա է, ապա գործի հետ կապ չունի, խորին համոզմունքն է, որ այդ անձանց գերակշիռ մեծամասնության գործողությունները հանցագործության էլեմենտներ չեն պարունակում։ Այնուհանդերձ, իշխանությունը փորձում է խաղաղ ցույցերին մասնակցած այդ անձանց մի մասին ենթարկել քրեական պատասխանատվության։ Ընդ որում՝ այն գործողությունները, որոնք վերագրվում են նրանց, մասնավորապես Սոսո Մարգարյանին, հանցակազմ անգամ չեն պարունակում, և ցնցողն այն է, որ այդ պարագայում ոչ միայն չեն ցանկանում մեր պաշտպանյալներին ազատ արձակել կալանքից, այլ ամեն ինչ անում եմ, որպեսզի կալանավորվածները պատիժ կրեն։

Դիտարկմանը, որ հարուցված գործերի շրջանակներում, կարծես թե, տուժողներ չկան, Արա Զաքարյանը պատասխանել է․

«Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց, և իրենց բողոքի ակցիայի նպատակն այն էր, որպեսզի կանխվեր արյունահեղությունը, և իշխանությունները չփորձեին ուժի կիրառմամբ ազատել պարեկապահակային գունդը։ Ես կարծում եմ, որ նոր իշխանությունների գալու դեպքում, անշուշտ, այդ անձանց գործողություններին իրական և ճիշտ գնահատական կտրվի, և իշխանությունները շնորհակալություն կհայտնեն այդ հազարավոր մարդկանց, քանի որ վերջիններիս դուրս գալու շնորհիվ կանխվեց արյունահեղությունը։ Ցավոք, ուշադրություն չի դարձվում այն փաստին, որն ամրագրված է նաև տեսանյութերում, որ բախումների պատճառը հանդիսացել են մի շարք սադրիչներ, որոնք ոստիկանության թիկունքում էին գտնվում, մի մասը՝ ոստիկանական համազգեստով, մի մասը՝ քաղաքացիական հագուստներով, որոնք պրովոկացիոն գործողություններ էին կատարում, առարկաներ, քարեր էին նետում հանգիստ կանգնած ցուցարարների ուղղությամբ, և այս ամբողջի արդյունքում տեղի ունեցավ այդ բախումը։ Ոչ մի գնահատական չի տրվում նաև ոստիկանության գործողություններին, և քննչական մարմիններն ի սկզբանե ոստիկանության բոլոր գործողությունները համարել են իրավաչափ և օրինական։ Դրա հետ մեկտեղ՝ հատուկ քննչական ծառայությունում, ճիշտ է, հարուցվել է քրեական գործ ոստիկանների անօրինական գործողությունների առնչությամբ, սակայն այդ գործը չի քննվում այն աստիճան «արդյունավետ և արագ», ինչպես քննվեց Սոսո Մարգարյանի և այլ մեղադրայլների գործը, որևիցե մեկը չի փորձում կասկածի տակ դնել ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինականությունը, ինչպես նաև պարզել և պատասխանատվության ենթարկել այն սադրիչներին, ովքեր, ի վերջո, իրենց գործողություններով բերեցին բախումների։

Դրա հետ մեկտեղ՝ այդ ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ, ընդ որում՝ նախապես չզգուշացնելով նրանց, որպեսզի նրանք ցրվեն, իսկ օրենքը դա հստակ կարգավորում է։ Միջոցառումների ընթացքում կիրառվեցին ձայնային պայթուցիկ նռնակներ, որոնց հետևանքով նաև մարմնական վնասվածք ստացավ Սոսո Մարգարյանը, երկու բեկորներ ոտքի մեջ էին, բազմաթիվ այրվածքներ կային, և մինչ օրս, թեպետ մենք պահանջել ենք, որևէ բժշկական օգնություն Սոսո Մարգարյանին չի ցուցաբերվել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը