Աշխարհ

14.01.2017 12:19


Փայլանը Մեջլիսում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. նրան հեռացրել են նիստից (տեսանյութ)

Փայլանը Մեջլիսում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. նրան հեռացրել են նիստից (տեսանյութ)

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ հայտարարության համար որոշում է կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից: Փայլանը մասնավորապես հայտարարել է, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել»:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին զայրացրել է Փայլանի հայտարարությունը: Մեջլիսի փոխխոսնակ Ահմեթ Այդանը պահանջել է Փայլանից ուղղել խոսքերը` ասելով, որ այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցավալի իրադարձություններ, որոնք, սակայն, չեն կարող ցեղասպանություն որակվել»:

Սակայն հայ պատգամավորը շարունակել է խոսքը` ասելով. «Ժամանակին մենք 40 տոկոսն էինք բնակչության, այսօր 1000-ի մեջ մեկն ենք: Մեր գլխին մի բան եկել է, և ես դրան ցեղասպանություն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անվանեք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել: Հայրիկիս, պապիս գլխին թե ինչ է եկել, շատ լավ գիտեմ: Եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը