Կարծիք

13.01.2017 17:57


Հայաստանում աշխատողները, թերևս, ամենախոցելի խավն են

Հայաստանում աշխատողները, թերևս, ամենախոցելի խավն են

Մենք հաճախ խոսում ենք այն մասին, որ անապահով խավերին պաշտպանել է պետք, աջակցել նրանց: Դեմ չեմ, բայց շատ հաճախ մենք մոռանում ենք, այսպես ասած, ապահով խավի մասին, նրանց կարիքների: Խոսքն աշխատող մարդկանց մասին է, որոնց շահերը գործնականում ոչ մի կերպ պաշտպանված չեն:

Հայաստանում աշխատողները, թերևս, ամենախոցելի խավն են: Նրանք են, որ կորցնելու բան ունեն և պետության անգործության պատճառով հաճախ շահագործվում են գործատուների կողմից: Սկսած «մարշրուտկի շոֆերներից», որ ստիպված են օրական 12 և ավելի ժամ աշխատել հաճախ չջեռուցվող մեքենաներում, վերջացրած բանկային և օֆիսային այլ աշխատողներով, բոլորը ստիպված են հարմարվել գործատուի կողմից առաջարկած պայմաններին` իրենց օրվա հացի փողը վաստակելու համար:

Սա վերաբերում է նաև պետական ծառայողներին...դե հիշում եք ամեն ընտրությունից առաջ նրանց ինչ օրն են գցում՝ ստիպելով ստորագրություն տալ, Աստվածաշնչի վրա երդվել, որ կքվեարկեն իրենց այդ օրը գցած ուժին:

Մարդիկ բողոքելու տեղ ու հնարավորություն էլ չունեն, չկան արհմիություններ, դատարանն էլ ի զորու չէ պաշտպանել այդ մարդկանց: Եվ ցանկացած բողոքը կարող է աշխատանքը կորցնելու պատճառ դառնալ: Սա լրջագույն խնդիր է, որի լուծումն այնքան էլ բարդ չէ, բայց որը քաղաքական կամք է պահանջում:

Համոզված եմ, որ այսօրվա իշխանություններին ոչ միայն չի հետաքրքրում այս խնդրը, այլ նրանց նաև ձեռնտու է նման վիճակը: Խոցելի մարդկանց ավելի հեշտ է կառավարել:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը