Մեկնաբանություն

13.01.2017 12:20


Պատերազմ և ընտրություններ

Պատերազմ և ընտրություններ

Նախորդ տարվա ապրիլի 1–ի՝ լույս 2–ի գիշերն Ադրբեջանը ԼՂՀ հյուսիսում և հարավում ինտենսիվ ռազմական գործողություններ սկսեց։ Չորսօրյա մարտերի ընթացքում երկու կողմն էլ ունեցավ մարդկային կորուստներ։

Հայկական կողմը տվեց հարյուրից ավելի զոհ և բազմաթիվ վիրավորներ (ադրբեջանցիների կորուստները մի քանի անգամ շատ էին)։ Ունեցանք նաև ռազմավարական նշանակության տարածքային կորուստներ (Սերժ Սարգսյանն ու որոշ օդիոզ ՀՀԿ–ականներ այդ տարածքներն անվանեցին անպետք ու ռազմավարական նշանակություն չունեցող, չնայած այն հանգամանքին, որ, օրինակ, դիրքային զիջումների պատճառով Թալիշը դատարկվել էր)։

Հակառակորդի լկտիացումը հետևանք էր Հայաստանի ներքին ու արտաքին ձախողված քաղաքականության։ Քաղաքականություն, որը թուլացրել էր մեր երկիրն ու հակառակ կողմին հնարավորություն տվել անցնել գրոհի։

«Նախաձեռնողականության» տակից հայ ժողովուրդը նախորդ տարվա ապրիլին կարողացավ դուրս գալ միասնականության ու առաջին գծում կռվողների անձնուրացության գնով։

Հիմա Սերժ Սարգսյանը որոշել է նույն օրը, այսինքն՝ ապրիլի 2–ին, ընտրությունների օր նշանակել։

Հարկ է նկատել, որ նրա այդ քայլը շատ խորհրդանշական կարող է դառնալ։ Այդ օրը կարող է դառնալ հիշատակի և հաղթանակի օր, եթե հնարավոր լինի վիճակ փոխել։

Այս տարվա ապրիլի 2–ին միավորման և «առաջին գիծը» պահելու կարիք կա։ Եթե ներքաղաքական պատկերը չփոխվի, ապա չորսօրյա թեժ մարտերը կարող են կրկնվել, ու ամեն անգամ մեզանից ավելի թանկ գին կպահանջվի։

Ներքաղաքական փոփոխություններով է պայմանավորված լինելու՝ Հայաստանն ու Ղարաբաղը կկարողանա՞ն ապահովել իրենց անվտանգությունը, թե՞ ոչ, մեր երկիրը դուրս կգա՞ այս տնտեսական խայտառակ վիճակից, թե՞ ոչ, տևական խաղաղություն կհաստատվի՞, թե՞ ոչ, կկարողանա՞նք փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, թե՞ կշարունակենք մնալ գաղջի մեջ։

Մի խոսքով, այս տարվա ապրիլի 2–ին կերևա, թե ինչպիսի հետագա ապրիլներ կունենանք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը