Մեկնաբանություն

13.01.2017 00:25


Ահա՛ այսպիսի «աչքալուսանք»

Ահա՛ այսպիսի «աչքալուսանք»

Կառավարությունը լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որը 2009թ․ ստեղծվել էր կյանքի կոչելու Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը։ Ընկերությունը բանակցություններ էր սկսել «Ռասիա ՖԶԷ» անունով մի կազմակերպության հետ, 2011-ից ի վեր պետբյուջեից ստացել 253 միլիոն դրամ, սակայն այդ բանակցությունները դադարել են։ Ահա՛ այսպիսի «աչքալուսանք»:

Սերժ Սարգսյանը 2008-ին տված իր խոստումները ոչ միայն չի կատարել, այլև դրանք չկատարելու դիմաց երկիրը հարյուրավոր միլիոնների վնաս է կրել: Փաստորեն, նրա կողմից տրված ու չկատարված խոստումներն էլ են մեզ վրա չափազանց թանկ նստում: Նման բան չգիտենք՝ ո՞ր մի երկրում է լինում:

2008-ի հոկտեմբերին խորհրդարանի ամբիոնից հնչեցրած իր ելույթին էլ ՀՀԿ ղեկավարն այնպիսի մի հրաշագեղ վերնագիր էր ընտրել, որ երջանկությունից հայության սիրտը քիչ էր մնում ուռչեր-պայթեր: Ահա՛ «Հայկական հրաշքի բանաձևը»:

Եվ ո՞րն էր, ըստ Սարգսյանի, այդ հրաշք-բանաձևը. «Ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ. ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել, բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, եւ գ) առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։ Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»:

Ութ ու կես տարի անց ո՛չ նոր ատոմակայան է կառուցվել, ո՛չ երկաթուղի, և ոչ էլ համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվել: Միակ «հրաշքն» այն եղավ, որ խաչ քաշվեց Իրան-Հայաստան երկաթուղու վրա, ավելին՝ պետությունն էլ 253 միլիոնի վնաս կրեց: Գուցե առաջիկայում էլ պարզվի, որ հարյուրավոր միլիոններ են վատնվել նոր ատոմակայան կառուցելու ծրագրի վրա կամ էլ նույնքան և ավելի գումարներ են մսխվել համահայկան բանկի և ներդրումային հիմնադրամի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ կատարելու վրա: Բայց փաստն այն է, որ այդ խոստումները չեն կատարվել:

Սա՛ է Սերժ Սարգսյանի պատկերացրած «Հայկական հրաշքը»՝ խոստանալ և ոչինչ չանել: Իրականում, սակայն, հայկական հրաշքի ականատեսը կլինենք միայն այն ժամանակ, երբ երկրի ղեկից կզրկվի նման բաներ խոստացողը:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ. Ի դեպ, ընդամենը 20-22 օր առաջ Հայաստան այցելեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նրա այցի «արդյունքներն» ակնառու են:

Այս խորագրի վերջին նյութերը