Լրահոս

12.01.2017 17:15


Էլինար Վարդանյան. «Աուդիտորական ընկերությունները պետք է ճկունության հնարավորություն ունենան»

Էլինար Վարդանյան. «Աուդիտորական ընկերությունները պետք է ճկունության հնարավորություն ունենան»

Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանի հետ

–Կառավարութունը մերժել է ձեր և ձեր գործընկերների՝ Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի և Թևան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նման նախաձեռնությամբ ի՞նչ խնդիր էիք ցանկանում լուծել։

–Բազմաթիվ աուդիտորական ընկերությունների կողմից ահազանգ էր ստացվել, որ օրենքում եղած «5 պարտադիր աշխատող աուդիտորների» պահանջը բավականին բարդացնում է իրենց գործունեությունը։ Փոփոխությունը կատարվել էր 2011թ. օրենքում. մինչ այդ պարտադիր էր 2 աուդիտորի ներգրավվածությունն ընկերությունում։ Հետագայում խնդիրը սրվեց այն բանից հետո, երբ 2014թ. մայիսի 20–ից «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարվեց, և օրենքից հանվեց խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր պահանջը։ Դրա հետևանքով էլ գործող աուդիտորական ընկերությունների պատվիրատուների թիվը զգալիորեն նվազեց։ Այսպիսով, աուդիտորական ընկերություններում պատվերները նվազել են, սակայն պարտադիր աշխատողներ ունենալու պահանջը շարունակում է մնալ։ Հիմնականում դա է պատճառը, որ աուդիտորական ընկերությունների մոտ դժգոհություններ առաջացան։

–Իսկ ինչպե՞ս է Կառավարությունը հիմնավորել իր մերժումը ձեր ներկայացրած նախագծի վերաբերյալ։

–Հիմնավորման մեջ նշվում է, որ որակյալ մասնագիտական ծառայությունների իրականացումն ապահովելու նպատակով աուդիտորական կազմակերպությունները ներգրավում են որակավորում ունեցող մասնագետներ, ստեղծում են մեթոդաբանական որակի վերահսկողության և մասնագետների պարբերաբար վերապատրաստման և հետևողական կատարելագործման համակարգեր։ Մինչդեռ, իրականում, տարբեր պատվերների շրջանակներում այս ընկերությունները կարող են ներգրավել մասնագետների, բայց պարտադիր չէ, որպեսզի վերջիններս լինեն իրենց մշտական աշխատողները։ Հետևաբար, աուդիտորական ընկերությունները պետք է ճկունության հնարավորություն ունենան, և իրենք որոշեն, թե տվյալ պահին ինչպիսի մասնագետներ են ներգրավում։

Գործադրի նման դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ ինչպե՞ս եք գնահատում։

–Հետաքրքիր է, որ Կառավարությունը հենց իր հիմնավորման մեջ նշում է, որ իրենք էլ ընդունում են՝ գործնականում 5 աշխատող աուդիտոր ունենալու իրավական պահանջը դժվարություններ է առաջացնում աուդիտորական ընկերությունների համար։ Սակայն, թերևս, այս դժվարությունները Կառավարության համար այդքան էլ բավարար չեն, որպեսզի օրենքում փոփոխություններ արվեն, և հնարավորություն ընձեռվի աուդիտորական ընկերություններին առավել արդյունավետ և շահավետ պայմաններում աշխատել։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը