Քաղաքական

08.11.2010 17:31


Շավարշ Քոչարյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Շավարշ Քոչարյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սադրիչ հայտարարությունները' ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մասնավորապես ասել է.

-Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է արհամարհել միջազգային հանրության առջև ստանձնած իր պարտավորությունները, ցինիկաբար հակառակ է գործում է Մայնդորֆում և Աստրախանում իր իսկ ստորագրած փաստաթղթերին։ Ալիևին չի գոհացնում եղածը, և նա ստեղծագործական մոլուցքով սարքում է իր սուտ պատմությունը։ Նա արհամարհում է ժամանակակից միջազգային իրավունքը և փորձում է հանդես գալ ուժի իրավունքի չկայացած դիրքերից։ Աստրախանի հռչակագիրը ենթադրում է գերիների և զոհվածների դիակների փոխանակման ճանապարհով վստահության ամրապնդում, սակայն Իլհամ Ալիևն այդ գործընթացն օգտագործում է միանգամայն հակառակի՝ լարվածության ուժգնացման նպատակով։ Ալիևների ժառանգական վարչակարգը ծարավի է արյան, այդ թվում՝ սեփական ժողովրդի։ Նրան արդեն չեն բավարարում իր իսկ հրահրած ագրեսիայի հետևանքները, որոնցով նա հրճվում է՝ նպատակ ունենալով նոր անդունդ գլորել սեփական ժողովրդին ՝ նոր արյունահեղություն սադրելով և շարունակելով ադրբեջանական ժողովրդին սեփական հիվանդագին պատրանքների գերին դարձնելու փորձերը։

Ալիևը մահվան է ուղարկում դիվերսանտներին, ովքեր, իր խոստովանությամբ, նախօրոք գիտեին, որ կենդանի չեն վերադառնալու, հանդիսավոր կերպով նրանց թաղում է՝ միաժամանակ թաղելով հակամարտությունը փոխզիջումային տարբերակով լուծելու հնարավորությունը։ Միանշանակ է, որ հակահայկական հիստերիայի նոր հորձանքը սկսվել է խորհրդարանում Ալիևների կլանի ներկայացուցիչների «ընտրվելու» օրը՝ միջնադարյան խանություն ստեղծելու հերթական փուլից ուշադրությունը շեղելու նպատակով։ Ալիևն ինքն իրեն կանգնեցրել է ընտրության առջև՝ կա՛մ հրաժարվել ստի վրա հիմնված միջնադարյան խավարամտությունից, հարևան ժողովուրդների հանդեպ ատելությունից ու ինքնասպանության հասցնող սուր ճոճելուց, կա՛մ՝ Ադրբեջանի ինքնամեկուսացում և վերջնականապես գլորվել խոր միջնադար՝ քաղաքական, հոգեբանական և հումանիտար անխուսափելի աղետով»։

Այս խորագրի վերջին նյութերը