Լրահոս

11.01.2017 16:05


Վրաստանն ու «Գազպրոմը» համաձայնության են եկել դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ

Վրաստանն ու «Գազպրոմը» համաձայնության են եկել դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ

Վրաստանը և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համաձայնության են եկել Հայաստանին մատակարարվող գազի տարանցման պայմանների շուրջ։ Ըստ այդմ՝ Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա իր տարածքով դեպի Հայաստանի ռուսական գազի փոխադրման համար: Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Կալաձեի խոսքով՝ Վրաստանը «Գազպրոմից» կկարողանա գազ գնել 1000 խմ–ի դիմաց 185 դոլարով ավելի վաղ հայտարարված 215 դոլարի փոխարեն:

Պայմանագիրը ստորագրվելու է երկու տարի ժամկետով: Առաջին տարում «Գազպրոմը» մասնակիորեն Վրաստանին կվճարի նաև գազով: Եթե Վրաստանը Ռուսաստանից լրացուցիչ գազ գնելու կարիք ունենա, ապա կգնի 185, այլ ոչ թե 215 դոլարով:

«Կառավարությունը քննարկել է այդ առաջարկը և որոշել ձևակերպել համաձայնագիրը: Ըստ պայմանագրի՝ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակրից չի աճում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է Հայաստան տեղափոխվող գազի դիմաց անցնել ֆինանսական վճարի: Ինչ վերաբերում է փոխադրման արժեքին, այն կլինի Եվրոպայում ամենաբարձր արժեքներից մեկը»,- կառավարության նիստից հետո ասել է Կալաձեն լրագրողներին:

Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007–ից ի վեր: Վերջին տարիներին Վրաստանի գազամատակարարման 88%-ն իրականացնում է Ադրբեջանը, իսկ 12%-ն ապահովվում է Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխվող ռուսական գազի հաշվին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը