Կարծիք

10.01.2017 17:58


Այս ընտրությունները ճակատագրական են

Այս ընտրությունները ճակատագրական են

Ամեն համապետական ընտրություններից առաջ մեզ ասում են, թե «թեժ իրադարձություններ» են սպասվում, բայց այդ թեժությունը սահմանափակվում է իշխանության կողմից մի 2 քյաբաբով ու մի շիշ ջերմուկով գնված հանձնաժողովականների լկտի պահվածքով ու դիտորդների հետ ընդհարումներով։

Կասկածից վեր է, որ այս տարի նույնպես Սերժ Սարգսյանը կանի հնարավոր ամեն ինչ՝ իշխանությունը բաց չթողնելու համար։ Դա իր համար կենսական նշանակություն ունի։ Բայց հասարակությունը պետք է հասկանա, որ այս ընտրությունները ճակատագրական են նաև բոլորիս համար։ Նոր Սահմանադրությունով, որն ընդունվեց հին Սահմանադրության կոպիտ խախտումներով, խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են. մենք ընտրելու ենք մարդկանց, որոնք որոշելու են մեր երկրի ճակատագիրը, պատասխանատվություն են ստանձնելու մեր անվտանգության և բարեկեցության համար։

Եվ եթե մենք ոչինչ չձեռնարկենք, իշխանությունը կմնա Սերժ Սարգսյանի ձեռքում՝ իր բոլոր բացասական հետևանքներով․․․դրանից հետո «ապրիլյան պատերազմն էլ» մեզ «զբոսանք» կթվա, 30 տոկոս աղքատությունն էլ կդառնա կառավարության ծրագրային մաս։ Այս մարդիկ հետևողականորեն կործանում են մեր երկիրը, և ոչինչ նրանց չի կարող կանգնեցնել․․․բացի հասարակությունից, բացի բոլորիցս։

Հասարակությունը թերևս պատրաստ է այս փոփոխություններին, և այստեղ մեծ գործ ունեն նաև բոլոր քաղաքական ուժերը։ Այս պահին անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր ներքին տարաձայնությունները և միասնական փորձել փրկել երկիրը կործանումից։ Հենց այսպես պետք է դրվի խնդիրը, և հենց այսպիսի գիտակցումով այն պետք է լուծվի։

Մենք պետք է գիտակցենք, որ երկրի ներսում թշնամի չեն փնտրում․ մենք պարզապես սիրում ենք մեր երկիրը և ցանկանում բարեկեցիկ ապրել այստեղ։ Իսկ դրան խոչընդոտողներն իրենք են մեզ թշնամի հայտարարում, և նրանց պետք է չեզոքացնել։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը