Մեկնաբանություն

09.01.2017 21:45


Սարգսյանի և Սահակաշվիլու նմանությունն ու տարբերությունը

Սարգսյանի և Սահակաշվիլու նմանությունն ու տարբերությունը

Եթե հիշում եք, հարևան Վրաստանում Սահակաշվիլին փոխեց Սահմանադրությունը, որպեսզի կարողանա վերարտադրել իր իշխանությունը: Չստացվեց:

Չստացվեց, քանի որ ընդդիմադիր դաշտում տեղի ունեցավ լայն համախմբում Սահակաշվիլու երբեմնի թիմակից Իվանիշվիլու շուրջ, ով անկուսակցականի կարգավիճակով կարողացավ կապող օղակ դառնալ անգամ այնպիսի ուժերի միջև, որոնք միմյանց նկատմամբ, մեղմ ասած, բացասաբար էին տրամադրված:

Սերժ Սարգսյանն էլ է Սահակաշվիլու պես փոխել Սահմանադրությունը: Նպատակը նույնն է՝ վերարտադրել իշխանությունը:

Սարգսյանի ու Սահակաշվիլու տարբերությունն այն է, որ բազմաթիվ թերություններով և աղաղակող սխալներով հանդերձ՝ վերջինս Վրաստանում հսկայական բարեփոխումներ էր իրականացրել և դրական արդյունքներ արձանագրել: Հետևաբար, կարող էր ակնկալել, որ վերարտադրությունը կստացվի:

ՀՀԿ ղեկավարն, ինչպես հայտնի է, դրական արդյունքներով չի կարող հպարտանալ: Ներքին ու արտաքին ոլորտներում ձախողումներն այնքան շատ են ու այնքան ճչացող, որ պարզապես զարմանալի է, թե այդքանից հետո ինչպես է փորձ արվում վերարտադրվել: Փորձն այդ, սակայն, պատճառ ունի:

Բանն այն է, որ ի տարբերություն Վրաստանի՝ մեզ մոտ դեռևս չի ձևավորվել միասնական ճակատ, որը փոփոխությունների իրական հնարավորություն կտա հանրությանը: Հենց ձևավորվեց, Սարգսյանը կարժանանա նույն ճակատագրին, ինչին որ արժանացավ Սահակաշվիլին Վրաստանում: Լայն համախմբման դեպքում «Սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրություն» սարգսյանական օպերացիան, միանշանակ, կտապալվի:

Քիչ մնաց. շատ շուտով կերևա, թե արդյոք հնարավոր լինելո՞ւ է մարտը հաղթել մարտից առաջ:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Սահակաշվիլու և Սարգսյանի հետ կապվում է միևնույն 300 հազար թիվը:

Սահակաշվիլու նախագահության շրջանում շուրջ 300 հազար Վրաստանի քաղաքացի է ապօրինաբար անցել կալանավայրերով:

Սարգսյանի հետ 300 հազար թիվը կապվում է վերջին ութ տարում ՀՀ-ից արտագաղթածների քանակի մասով:

Այս խորագրի վերջին նյութերը