Մեկնաբանություն

09.01.2017 17:00


Հիմա էլ պետք է դպրոցները տաքացնելու համա՞ր 1000-ական դրամներ հավաքել

Հիմա էլ պետք է դպրոցները տաքացնելու համա՞ր 1000-ական դրամներ հավաքել

Նախատոնական և հետտոնական օրերին սպանությունների, դիակների հայտնաբերման և ցրտահարությունից մեռած մարդկանց մասին այնքան լուր կարդացի, որ ինձ թվաց, թե մի քանի տասնամյակ հետ ենք շպրտվել:

Մթնոլորտի, տրամադրության, բարոյահոգեբանական իրավիճակի առումով համընկնումը նկատելի ու զգալի է (տարբերությունը միայն այն է, որ հոսանք ու գազ կան, բայց շատ թանկ սակագնով):

Հա՛, մեկ էլ չջեռուցվող դպրոցների խնդիրը...

Ա՛յ ձեր տունը շինվի, ախր, մինչև վերջին տարիների «բարեշրջումները» դպրոցների ջեռուցման խնդիրը լուծված էր, հիմա այդ ի՞նչ պատահեց, որ մեր երեխաները պետք է տանը մնան ու դպրոց չգնան: Հանրակրթության փողերը մսխել եք, բայց գոնե ջեռուցման համար գումար պահեիք: Թե՞ հիմա էլ պետք է դպրոցները տաքացնելու համար 1000-ական դրամներ հավաքեք կամ էլ բարեգործական ակցիաներ իրականացնեք: Անամոթությունը ո՞ւր կարող է հասնել:

Անցած տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն ամեն առիթով պարծենում էր, թե մեր դպրոցականները, պատանիները միջազգային օլիմպիադաներում հաղթող են ճանաչվում այս կամ այն առարկայի մրցույթում: Բա եթե այդ ներուժը կա, ինչո՞ւ հիմա պետք է կասեցվեն դասերը մրսելու պատճառով: Եթե աշոտյանների և մնացյալների երեխաներն ավելի քան 2 միլիոն դրամանոց մասնավոր դպրոցներ են հաճախում ու գիտելիքից հետ մնալու խնդիր չունեն, ապա շարքային քաղաքացիների երեխաներն ինչո՞ւ պետք է համ տանը մրսեն, համ էլ դպրոցում: Ու կրթական պրոցեսից էլ հետ մնան:

Փաստորեն, հանրակրթական դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները (որոնք մեծամասնություն են կազմում) վախից չեն էլ դիմել հարազատ կուսակցությանը, որպեսզի ձմռանը կարողանան պատշաճորեն լուծել իրենց դպրոցների ջեռուցման խնդիրը:

«Ողջ ֆինանսներն՝ ընտրական գործընթացին» կարգախոսով առաջնորդվող իշխող ուժից այլ բան սպասելն անմտություն է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը