Կարծիք

09.01.2017 14:55


«Թասիբ պահող» անթասիբները

«Թասիբ պահող» անթասիբները
Ամանորյա տոներին համացանցում ամենաքննարկված թեման դարձավ այս լուսանկարը, որը հրապարակվել էր «Մարաշլեան ֆոտո ատելիեի» ֆեյսբուքյան էջում և հետագայում հեռացվել էջից ցենզուրայից դուրս ու բացահայտ ռասիստական բնույթ կրող մեկնաբանությունների պատճառով: Այս թեմայով գրվեցին բազում ստատուսներ, հոդվածներ, սակայն այս պատմության մեջ ինձ այլ բան է հետաքրքրում...

Հայ ազգի «թասիբը պահող» ֆեյսբուքյան ռեմբոներն ինչո՞ւ նույն ագրեսիայով և զայրույթով չեն արձագանքում, օրինակ, նրան, որ մեր երկրի արտաքին պարտքն արդեն գրեթե 6 միլիարդ է: Ինչո՞ւ ազգի «թասիբը պահողները» նույն ագրեսիայով չեն ընդունում այն, որ մենք 2016թ.-ին կորցրեցինք 800 հեկտար տարածք, իսկ այդ 800 հեկտար «ամայի և չօգտագործվող» տարածքները պահելու համար իր կյանքը զոհաբերեց 104 զինվոր: Ինչո՞ւ այս թեմաները նման զայրույթ չեն առաջացնում ու չեն վերածվում քայլերի իրական կյանքում, բայց դրա փոխարեն հայուհու նկարն այլ ազգի և այլ ռասսայի ներկայացուցչի հետ նման բուռն արձագանքի է արժանանում:

Հետաքրքիր է, չէ՞, մարդիկ պատրաստ են հանդուրժել այն, որ օրը ցերեկով իրենցից 12 հազար դրամ են քերթում կարմիր գծերի վրա կանգնելու համար, բայց սա չեն հանդուրժում: Մարդիկ հանդուրժում են այն, որ շատերը ճարահատյալ լքում են երկիրը, բայց մեկ լուսանկար չեն հանդուրժում:

Ասեմ, որ այս պատմության մեջ ինձ համար այնքան էլ միանշանակ դրական չեն ընկալվում նաև նրանք, ովքեր լուսանկարի հրապարակումից հետո սկսեցին էնտուզիազմով վիճել նրանց հետ, ովքեր բացասական մեկնաբանություններ էին գրում:

Ժողովո՛ւրդ, իհարկե, լավ է, որ դուք լայնախոհ եք, բայց ինձ թվում է, որ մեր երկրում կան շատ այլ հարցեր, որոնք ավելի կարևոր են, քան մի քանի հիստերիկ ռասիստների մեկնաբանությունները:

Ձեր զգալի մասն իր հերթին պատրաստ է բարի լինել «Ֆեյսբուքում», բայց պատրաստ չէ իրական կյանքում կռիվ տալ այն իրական խնդիրների դեմ, որոնք կան մեր երկրում: Դուք անգամ ձևի համար մեկ միտինգի չեք գա. ձեզանից շատերն ընտրություններին կա՛մ չեն մասնակցի՝ ասելով թե «սաղ արդեն որոշված է», կա՛մ սուսուփուս 10 հազարով ձեր ձայնը կվաճառեք:

Մի կողմից էլ սա հասկանալի է. ընտրակեղծիքների, բյուջեի թալանի դեմ պայքարը լուրջ ու դաժան գործ է, իսկ «Ֆեյսբուքում» ստատուս գրելը լուսանկարի մասին՝ շատ ավելի պարզ ու դյուրին. այստեղ շատ մտածել պետք չի, դրա համար էլ դուք ձեր երկրի խնդիրները թողած՝ լծվել եք «ազգի թասիբը պահելու» հարցի լուծմանը:

Կարծում եմ, որ մենք միանշանակ ունենք ավելի լուրջ խնդիրներ, քան ռասիստներին արձագանքելը, և շատ ավելի լավ կլինի, եթե կենտրոնանանք այդ գործի վրա:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը