Կարծիք

09.01.2017 14:30


ԱՎԾ-ի թվերը հուշում են, որ իշխանությունները պետք է որ շատ տխուր լինեին այս Ամանորին

ԱՎԾ-ի թվերը հուշում են, որ իշխանությունները պետք է որ շատ տխուր լինեին այս Ամանորին

Տեսնես՝ ի՞նչ սրտով են մեր իշխանությունները նշել այս Ամանորը։ ԱՎԾ-ի թվերը հուշում են, որ իրենք պետք է որ շատ տխուր լինեին․․․իհարկե, եթե ամոթ, թասիբ ունենային։ Տարեսկզբին մեզ տնտեսական աճ էին խոստացել, այն էլ՝ իրենց համար աստղաբաշխական 2,1 տոկոս։ Մոտավորապես նմանատիպ կանխատեսում էր անում նաև ԱՄՀ-ն։

Ես, օրինակ, մտածում եմ, որ բյուջե գրելուց լուրջ մասնագետները նստում են, հաշվարկներ են անում, վերլուծություններ, համեմատություններ, ու չգիտեմ՝ ինչեր․․․Երևի ես միամիտ եմ, որովհետև ԱՎԾ-ի տվյալներով՝ մենք անցյալ տարվա երրորդ եռամսյակում 2,6 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել։ Եթե կոֆեի բաժակ նայելով կամ զառ գցելով են բյուջե կազմում, ապա այդքան մեծ պետական ապարատ մեզ հաստատ պետք չէ։

Կարծես որևէ արտառոց բան տնտեսական առումով այս տարի տեղի չի ունեցել․․․դե հա, որ Շարմազանովին հարցնես, կասի՝ «ապրիլյան պատերազմ», «կեղտոտ պադեզդ», «Հիտլերը տեղում չէր»․․․գիտեք Շարմազանովի դատարկախոսությունները։ Բայց իրականում այս տարի չկար որևէ խանգարող հանգամանք, բացի իրենց ագահությունից, որ չկարողանային ապահովել այն, ինչ խոստացել էին։

Հիմա եթե այս մարդիկ մեզ այս կարևորագույն հարցում խաբում են, ասում ու չեն անում, էլ ո՞նց մենք պետք է հավատանք նրանց նախընտրական խոստումներին։

Թասիբ ունենային, պատվի մասին տարրական պատկերացում լիներ, հենց հիմա կհեռանային։ Իսկ եթե պատիվն ու արժանապատվությունն այս մարդկանց համար արժեք չունի, էլ ինչի՞ համար նրանց ձայն տանք։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը