Մեկնաբանություն

08.01.2017 00:05


Երբ խոսքը արժեք չունի

Երբ խոսքը արժեք չունի

2016-ին ՀՀԿ նոյեմբերյան համագումարում Սերժ Սարգսյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով: Սակայն այդ ծավալուն ելույթում նա այդպես էլ չանդրադարձավ երկու կարևոր թեմայի: ՀՀԿ ղեկավարին «հաջողվեց» սահուն շրջանցել հայ-թուրքական արձանագրությունների և ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման թեմաները: Հանրությունն այդպես էլ չիմացավ, թե ի՞նչ է լինելու այս երկու խնդիրների «ճակատագիրը»: Կամ՝ Սերժ Սարգսյանը կատարելո՞ւ է, թե՞ ոչ իր կողմից բարձրացված այս հարցերին լուծում տալու խոստումները:

Հիշեցնենք, որ նա դեռևս 2014-ի սեպտեմբերին էր ՄԱԿ-ի ամբիոնից հայ-թուրքական արձանագրությունները «գրողի ծոցն» ուղարկելու խոստում տվել:

«Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց նա:

Այս հայտարարությունից հետո ավելի քան չորս ամիս անց՝ 2015-ի փետրվարին միայն դիմեց ԱԺ նախագահին՝ խորհրդարանի օրակարգից այդ տխրահռչակ արձանագրությունները հանելու համար: Հանեցին, բայց դա ոչինչ չէր նշանակում, քանի որ մինչ օրս արձանագրությունների տակ մնում են Հայաստանի ստորագրությունները: ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանն այդպես էլ չասաց, թե, ի վերջո, ե՞րբ է հետ կանչելու ՀՀ-ի ստորագրությունները: Փաստորեն, ՄԱԿ-ի ամբիոնից ասել է մի բան, որը լիարժեքորեն չի կատարել արդեն մոտ երկուսուկես տարի:

Հաջորդ թեման, որը նա ևս շրջանցեց ՀՀԿ համագումարյան ելույթում արդեն նշեցինք, թե որ հարցին է վերաբերում: 2016-ին, ապրիլյան քառօրյա պատերազմի սկսման օրը՝ ապրիլի 2-ին, Սերժ Սարգսյանն անցկացրեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ և հայտարարեց. «Համոզված եմ և առաջարկում եմ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք: Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»:

Այդ օրվանից անցել է ավելի քան 9 ամիս, սակայն պայմանագրի կնքում տեղի չի ունեցել: Անցած ամիսներին մի անգամ Էդվարդ Նալբանդյանն ասաց, թե պայմանագիրը մշակման փուլում է, իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ հայտարարեց, թե այն պատրաստ է: Բայց թե ինչու կողմերը չեն կնքում այդ պայմանագիրը՝ մնում է անհայտ:

Հետաքրքիր է, ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին նույպե՞ս ՀՀԿ ղեկավարի կհաջողվի շրջանցել այս և մյուս թեմաները: Փաստն այն է, որ 2009-ից մինչ օրս նա «քիրվայականությունից» չի հրաժարվում: Հիմա՝ առավելևս, երբ կողքից «քոմակ կանգնողներ» կան:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը