Կարծիք

08.11.2010 13:06


Սթափ դատելու ժամանակը չէ՞

Սթափ դատելու ժամանակը չէ՞

Ժամանակին մի անեկդոտ, հայերենով ասած՝ խնդուկ էին պատմում հարբեցողի մասին, որն իր կորցրած մետաղադրամը փնտրում էր ցած գցելու վայրից բավական հեռու՝ ճանապարհային լուսարձակի տակ, որովհետև այնտեղ, որտեղ դրամն իր ձեռքից ցած էր ընկել, մթություն էր՝ գտնելու հավանականությունը՝ չնչին։ Սակայն թե որքանով է հավանական А մութ կետում կորցրած մետաղադրամը B լուսավոր կետում գտնելը, միայն հարբածի տրամաբանությունը կարող է պատասխանը տալ։

Հարց է առաջանում՝ ինչո՞վ են Արցախի և ընդհանրապես հայերիս հետ կապված խնդիրների կարգավորման արդիական մոտեցումները տարբերվում հարբածի վերոհիշյալ տրամաբանությունից։ Լսում ես այսօր օտարների մեկնաբանությունները և ապշում մարդկային մտքի անհետևողականությունից, հիշողության այլասերումի մակարդակից։ Ալկոհոլը, անշուշտ, նման ազդեցություններ թողնում է։

Մարդկությունը կարող է հայերիս գոյության, այս տարածաշրջանում մեր բազմահազարամյա գործունության ու անուրանալի ազդեցությունների անհերքելի ապացույցները ուրանալ, անտեսել կամ պարզապես ցինիկաբար կեղծել, իսկ գոյություն չունեցած ադրբեջանական հետքը հաստատել ամենաանհեթեթ փաստարկներով ու «ապացույցներով»։ Հարբածի նույն տրամաբանությամբ բերում, նույն հարթության վրա են դնում հային ու ադրբեջանցի հնարովի անվամբ հանրությանը։ Հայը հեթանոսական իր հավատալիքների ակունքներից բխող քրիստոնեություն դավանող հնդեվրոպացի է, որը աշխարհի առաջին պետություններից մեկի կերտողն է եղել ու միշտ ձգտել իր հասարակական կյանքը հաստատել պետական այս կամ այն բաղադրիչի առկայությամբ (երբեմն այդ առաքելությունը վերապահելով  սոսկ եկեղեցուն, երբեմն՝ անգամ միայն հայերենին)։  Ադրբեջանցին իր ինքնությունը մինչև այսօր չհաստատած խառնամբոխ է՝ միավորված անցած դարասկզբին աշխարհի նավթաշահերի բախումից ծնված ու գողացված տարածքներով թրքախոս մուսուլմանական մի պետության մեջ։ Նրանց առաջնորդները դեռ չեն էլ հստակեցրել՝ իրենք թուրքերի փոքր եղբայրնե՞րն են, կովկասյան աղվանների մշակույթի, տարածքի ու ինքնության զավթիչնե՞րն են, թե՞ գուցե հայկական լեռնաշխարհի մի մասի նախկին տերերը։ Ադրբեջանական զառանցանքի այս վերջին բաղադրիչը վերջերս մի քանի անգամ հնչեցրել է նրանց արժանավոր նախագահ Իլհամ Հեյդարովիչը։ «Ներկայիս հայկական պետությունը կազմավորվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա։ Երևանի խանությունը, Զանգեզուրի մահալը մեր պատմական հողերն են»,-իրենց հարյուրամյա պատմությունը փորձել է հիմնավորել սուլթանիկը, որին իր իսկ հայրենակիցները Հաագայում նոյեմբերի 5-ին ավանակի տեսքով են ներկայացնելով՝ այսպիսով վիրավորանք հասցնելով այս համառ, բայց և այնպես իր «հացը» սեփական աշխատանքով վաստակող կենդանուն։

Իսկ Իլհամ Ալիևը ամենուրեք փնտրում ու չի կարողանում գտնել A կետում կորցրածը։ Թեև շատ հնարավոր է՝ այդ խորհրդանշական մետաղադրամը գոյություն է ունեցել սոսկ հարբածի նրա  երևակայության մեջ։ Ու հիմա նա այբուբենի մնացած տառերով նշվող կետերում փնտրում ու չի գտնում, սակայն կարողանում է այդ փնտրտուքով վարակել ոչ միայն իր ազգակիցներին, որոնց, իհարկե, ձեռնտու է չեղած արժեքը փնտրել թեկուզ ուրիշների վաստակաշատ գրպաններում։  Այդ չեղած դրամները հիմա Ադրբեջանի համար փնտրում են այն բոլոր կազմակերպությունները, հանձնաժողովնելը, միջազգային կառույցնեն ու ամենատերբեր պետություններ, որոնք բոլոր հարցերում նույն հարթության վրա են դիտում համեմատության եզրեր չունեցող երկու երևույթներ՝ դարերով բզկտված հայրենիքը պահպանել ձգտող ու մշակույթ ստեղծող մի ազգի և երբեք չունեցած հայրենիք սարքող անմշակույթ մի հանրության։ Ահա նման մի օրինակ։ «Գական թերթ»-ի 27.09.2002թ.թիվ 32 (2684)-ը «Ժայռապատկերներ-վիշապագորգեր մի առնչության շուրջ» հոդվածում
անդրադարձել է միջազգային հայտնի աճուրդային կազմակերպությունների՝ «Սոթբիի» և «Քրիսթիի» կազմակերպած  գորգերի աճուրդային վաճառքներին, տպագրելով տարիներ շարունակ նրանց կողմից հրապարակ հանված հետևյալ «հարբած» քարտեզը. 

Ինչպես դժվար չէ նկատել, Հայաստանի ներկա և պատմական ամբողջ տարածքը նշված է AZRBAIJAN անվան ներքո, որն էլ սրա հեղինակների հիվանդ երևակայությամբ պետք է նշանակեր, թե այդտեղ ստեղծված բոլոր գորգերը ադրբեջանական հանճարի արգասիք են... Իսկ հայ անունն իսպառ բացակայում է։

Մի քանի օր առաջ  էլ ադրբեջանցիները նամակ էին ուղղել ՄԱԿ, որտեղ հայերիս մեղադրում էին, թե մեր նախագահը խոսել է մեր 8000-ամյա ակունքների մասին, իսկ դա նշանակում է, որ մենք մեզ բացառիկ ազգ ենք համարում։ Բայց ով կարող է խոսել առավել բացառիկ լինելու մասին, քան ադրբեջանցին։ Ուրիշ ո՞ր ազգն է այսպիսի բացառիկ լկտիությաքմբ տիրանցել ուրիշների (ոչ միայն հայերի) հողերին, մշակույթին, արվեստին, պատմությանը և ամեն գնով (կաշառք, նենգասպառնալիք, քծնանք և այլն) գտել իրեն ձայնակցող օգտապաշտների։  Թերևս՝ միայն իրենց «ավագ եղբայր» թուրքերը։ Մ՞թե նրանց բացառիկության մասին չի խոսում այն փաստը, որ իրենց տարածաշրջանի բնիկներ են հայտարարում ու այնտեղ ստեղծված քաղաքակրթությունների հեղինակ։ Մինչդեռ Ամերիկան նվաճած եվրոպացիների խելքը չի կտրում, օրինակ, իրենց ստեղծածը հայտարարել Չիչեն-Իցան կամ հնդկացիական քաղաքակրթության մյուս նմուշները...

Նման հարբած մի փնտրտուք էլ կարելի է համարել Հայաստանում ադրբեջանական կինոնկարների փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը (Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն՝ Գեորգի Վանյանի ղեկավարությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն)։ Այս ձեռնակով կորսված մետաղադրամը նրանք չեն գտնելու, սակայն կարող են նորանոր կորուստների պատճառ դառնալ։

Ցավոք, մեր մոլորակն այսօր երկարատև հարբածությունից խոտորվող ընթացքով է պտտվում, ու դեռևս չի երևում սթափ գործողություններ ձեռնարկելու ժամանակը։ Աշխարհն այսօր խարխլում են քաղաքական շահերը, բնապահպանական խնդիրները, կեղծիքներից չպաշտպանված գիտությունը, սպառազինության մրցավազքը... Ո՞ր մեկը թվես։  Հարբեցողությունից բուժում, իհարկե, կա, սակայն այդտեղ ամենակարևորը հարբեցողի կամքն է։ Ընդ որում՝ այդ կամքի դրսևորումը չպետք է ուշացած լինի, թե չէ կործանումն անխուսափելի է։

Արմենուհի Փալանդուզյան

Այս խորագրի վերջին նյութերը