Մեկնաբանություն

06.01.2017 11:55


Հոգնե՞լ է, բայց ինչի՞ց

Հոգնե՞լ է, բայց ինչի՞ց

Սերժ Սարգսյանն ընդամենը չորսուկես ամիս առաջ էր արձակուրդ վերցրել: Օգոստոսի 18-ին կարճատև արձակուրդի մի մասն անցկացրեց արտերկրում: Եվ այն ժամանակ որոշ կայքեր անգամ նշեցին, թե արտերկրում կոնկրետ որտեղ է անցկացրել արձակուրդի մի մասը՝ Բադեն-Բադենում:

Երեկ, ըստ տարածված տեղեկատվության, նա կրկին մեկնել է կարճատև արձակուդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Ի դեպ, «կարճատև» ասվածը թե քանի օր է, այդ մասին երբեք չի նշվում:

Ի՞նչ է արել ՀՀԿ ղեկավարը անցած չորսուկես ամսում, որ դարձյալ հանգստի կարիք ունի: Կառավարություն է ձևավորել, ՀՀԿ համագումարում հաշվետու զեկույցով է հանդես եկել, նախատոնական ընդունելությունների շարք է անցկացրել: Իսկ մինչ այդ էլ պաշտոնական այցերով Հայաստան ժամանած հյուրերի է ընդունել ու ինքն է մեկնել այս ու այն երկիր: Հա, չմոռանանք նաև նրա կատարած «ամենածանր» գործի մասին. մեդալներ ու կոչումներ և պետական այլ պարգևներ է բաժանել մի քանի տասնյակ մարդկանց: Օգոստոսի կեսերից մինչ օրս նրա կատարած աշխատանքը սա է եղել: Այն է՝ հիմնականում զբաղվել է զուտ արարողակարգային բնույթի միջոցառումներին մասնակցելու գործերով: Երկրի սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակի փոփոխման ուղղությամբ ոչինչ չի արել: Բայց հոգնած է ու կրկին արձակուրդի կարիք ունի:

Դե, երկիրն էլ ի՞նչ. հենա մի տխմար թեմա են մեյդան գցել ու մարդիկ առավոտից իրիկուն «ծամում» են այդ թեման. բորբոքված ու ռազմահայրենասիրաբար «հայու գենի» արյան բաղադրությունն են ճշգրտում: Զանգվածների գիտակցությունը շա՜տ սահուն ուղղորդել են դեպի ծեքծեքուն լուսանկարը և մարդիկ էլ պարապ վախտի խաղալիք են գտել ու խաղում են:

Կարևորը լուրջ խնդիրներից շեղելն է, ինչը հիանալի ստացվել է: Ուրեմն՝ Սերժ Սարգսյանն էլ կարող է հանգիստ գնալ արձակուրդ, առույգ վերադառնալ և փորձել ամեն գնով լուծել նոր խորհրդարանում «կայուն մեծամասնություն» ունենալու խնդիրը: Հետո դարձյալ շարունակել ճառել «բարեփոխումների» մասին ու ոչինչ չանել: Իսկապես, ոչինչ չանելուց մարդիկ ավելի շատ են հոգնում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը