Մեկնաբանություն

31.12.2016 14:55


2017–ից է կախված 2018–ը և հետագա տարիները

2017–ից է կախված 2018–ը և հետագա տարիները

2016–ն աչքի ընկավ երկու ֆորսմաժորային իրադարձությամբ՝ ապրիլյան քառօրյա մարտերը և ՊՊԾ գնդի գրավումը։

Երկուսն էլ հետևանք էին։ Վերջին տարիներին վարվող ներքին ու արտաքին քաղաքականության հետևանք։

Եթե պետական կառավարման համակարգը թաղվում է «մեկ պատուհանի սկզբունքով» գործող կոռուպցիոն համակարգի մեջ, եթե արտաքին քաղաքականության հիմքում դրվում է երրորդ ուժին ապավինելու և «օրվա կուրսով շարժվելու» հայեցակարգը, եթե իշխանության վերարտադրությունը դառնում է «իդեա ֆիքս», եթե տարեկան միջինը կես միլիարդ դոլարով ավելանում է երկրի պարտքը (դա այն գինն է, որը վճարում է մեր ժողովուրդը՝ անարդյունավետ իշխանություն ունենալու «ճոխություն» թույլ տալու դիմաց), եթե ամեն տարի մեր քաղաքների ու գյուղերի բնակչության քանակով ՀՀ քաղաքացի է դառնում արտագաղթող, եթե ստի ու կեղծիքի արտադրությունը դառնում է իշխող նեղ վերնախավի միակ զբաղմունքը, ապա բնական է, որ լսվելու են կրակոցներ։ Այդ կրակոցները 2016–ին լսվեցին ինչպես սահմանի վրա, այնպես էլ Երևանի կենտրոնում։ Ունեցանք ցավալի կորուստներ և՛ սահմանի վրա, և՛ Երևանի կենտրոնում։

2016–ին կրակոցների միջոցով հնչեց վերջին զգուշացումը։ Եթե այսպես շարունակվի, ապա կրակոցներ լսվելու են ավելի շատ և ավելի վատ հետևանքներով։

2017–ի ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են տալիս շտկել իրավիճակը, փոխել իրերի ներկայիս դասավորությունը, ձևավորել որակապես նոր իշխանություն, ստեղծել տնտեսական ժամանակակից հարաբերություններ և փակել մեր նորանկախ պատմության ամոթալի էջերը։

2017–ից է կախված, թե ինչ կունենանք 2018–ին ու դրան հաջորդող տարիներին առնվազն հնգամյա կտրվածքով։ Այնպես որ լուրջ գործընթացներ են սպասվում և միայն հասարակական–քաղաքական լայն համախմբմամբ է հնարավոր դրական արդյունք գրանցել։

Ամեն ինչ ՀՀ քաղաքացու ձեռքերում է։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը