Մեկնաբանություն

30.12.2016 00:05


Ալիևի արագ արձագանքը տնաբույծ քիրվայականներին

Ալիևի արագ արձագանքը տնաբույծ քիրվայականներին

Այո՛, Ալիևը ռացիոնալ մտածող պետական գործիչ է: Նա տեսնում է, որ Հայաստանում քիրվայականները, ՀՀ գործող իշխանության հովանու ներքո, բարձրացրել են կապիտուլյացիայի դրոշն ու «իշմար» են տալիս: Ցանկացած ռացիոնալ մտածող պետական գործիչ եթե տեսնում է, որ հակառակորդ պետության ղեկավարն իր ներքին «ընդդիմախոսի» շուրթերով հանձնվելու քարոզ է տանում, ապա անմիջապես անցնում է գործի:

Ադրբեջանի նախագահն ուրախությամբ է ընդունում Հայաստանից եկող այն լուրը, ըստ որի՝ հայկական կղերապահպանողական դպրոցի վերջին մոհիկանը հայ ժողովրդին համոզում է, թե բա՝ եկեք շուտ հանձնվենք, թե չէ վաղն ավելի վատ է լինելու:

Հայաստանից դավաճաններն իրար հետևից այցելում են հակառակորդին ու քարոզում այն նույն բանն, ինչ անում են այստեղ գործող 5-րդ շարասյան ներկայացուցիչները:

Նախագահական նստավայրի նպատակամղված աշխատանքի արդյունքում մեզ մոտ առուծախի մթնոլորտ է ձևավորվել: Ու քանի որ Ալիևն ավելի շատ փող ունի, նրան հաջողվում է Բ26-ին կից գործող «քաղաքացիական» ջահելներին ու ահելներին սեփականաշնորհել և օգտագործել ՀՀ-ի ու ԼՂՀ-ի դեմ: Իսկ թե ուրիշ ինչ է հաջողվել Ալիևին բուն Հայաստանի ներսում, կարելի է ենթադրել, և միայն «հերձումը» ցույց կտա, թե ով ով է:

Հարկ է նկատել, որ Ալիևը շատ արագ արձագանքեց մեր տնաբույծ քիրվայականներին և հարձակվեց Տավուշի ուղղությամբ՝ բացահայտորեն ցույց տալով, որ իր ուզածը ոչ միայն Ղարաբաղն է, այլ նաև Հայաստանը:

Ալիևը Կազանում արդեն լսել էր, որ պաշտոնական Երևանը պատրաստ է հանձնել Ղարաբաղի ազատագրված յոթ շրջանները: Ու հիմա ավելին է ուզում:

Ադրբեջանն աշխատում է բոլոր ուղղություններով՝ տեղեկատվականից մինչև դիվերսիոն ներթափանցումներ:

Մեկ օրում երեք զոհ: Ու հակառակորդը չի հանգստանալու և է՛լ ավելի է լկտիանալու: Քանի դեռ Հայաստանի «վերևներում» իշխում է թալանելու մտածողությունը, Ալիևը լկտի է պահելու իրեն: Եվ ուրեմն, մեր փրկությունը մեր իսկ ձեռքերում է:

Փոխենք Հայաստանի ներսում քաղաքական իրավիճակն ու ձևավորենք նոր որակի իշխանություն, որպեսզի կարողանանք զարգանալ, զսպել հակառակորդի ախորժակն ու տևական խաղաղություն պարտադրել:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը