Մեկնաբանություն

29.12.2016 12:25


Բ26–ի մատը և քաղաքական մատը

Բ26–ի մատը և քաղաքական մատը

Նախագահական նստավայրին կից թերթերից մեկը դարձել է ստի ու կեղծիքի տարածման միջոց։

Մեխանիզմը հետևյալն է. Բ26–ում հորինում են սուտը, հետո տալիս են այդ թերթին, որ տպի, այնուհետև քույր թերթերն ու կայքերը պարտաճանաչորեն տիրաժավորում են այդ սուտը։ Վերջում խաղի մեջ են մտնում «անկախ» հոդվածագիրներն ու սուտը որպես կայացած փաստ հիմք ընդունելով՝ «սրտաճմլիկ» եզրահանգումներ անում։

Վերջին շրջանում ամենաշատ ստերն ու կեղծիքները տարածվում են Սեյրան Օհանյանի, Սամվել Բաբայանի, Վարդան Օսկանյանի, «Ժառանգություն» կուսակցության մասին։ Իսկ դա ցույց է տալիս, թե ով ով է, և ինչն՝ ինչոց։

Տարբեր տեսակի են լինում ստերը և տարբեր «ռակուրսներով» են ներկայացվում հոդվածագիրների եզրահանգումները, բայց բոլորի մոտ ընդհանուր մի բան կա։ Ուզում են ցույց տալ, որ քաղաքական բոլոր գործընթացները վերահսկվում են Բ26–ի կողմից, որ բոլոր քաղաքական ուժերի գործողությունների հիմքում Բ26–ի մատը խառն է, և որ չկան ինքնուրույն գործիչներ։

Այս «մուտիլովկաներն» արվում են հիմնականում երկու նպատակով՝

1.Մոլորեցնել հանրության ընթերցող հատվածին։ Ու թեև շատերն արդեն գիտեն, թե ինչ է ներկայացնում «անկախ» մամուլը, և ինչով են զբաղված դրանց տերերը, բայց դե, վերջիններս տվյալ դեպքում առաջնորդվում են «Քանի ոչխարի էլ մոլորեցնենք, էլի քյար է» կարգախոսով։

2.Ցույց տալ պետական ապարատին, որ, իբր, ամեն ինչ վերահսկելի է, և պետք չէ խուճապի մատնվել, կամ որ ամենավտանգավորն է Բ26–ի «բնակիչների» համար՝ պետական ապարատը հանկարծ չսկսի մտածել, որ «վերևում» խիստ անհանգստացած են, քանզի ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես ուզում էին։

Ինչ էլ, սակայն, անեն Բ26–ում, միևնույն է, դասականի ասած՝ Աննուշկան ձեթն արդեն թափել է։ Եվ կարևոր չէ, թե ում մատի գերբնական հատկությունների մասին են ուզում միֆեր տարածել։ Կարևորը քաղաքական շախմատում ոչ թե ստերով շախ տալու կարողությունն է, այլ վերջնախաղը մատով ավարտելու հնարավորությունը։

2017–ը ցույց կտա, թե ինչն ինչպես է լինելու։

Շնորհավոր Նոր տարի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը