Քաղաքական

29.12.2016 12:20


Սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում հայկական կողմը 3 զոհ է տվել (լրացված)

Սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում հայկական կողմը 3 զոհ է տվել (լրացված)

Սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները. հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ՀՀ ՊՆ

***

Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ ԶՈւ կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ–երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը