Կարծիք

29.12.2016 10:10


Լևոն Տեր-Պետրոսյանը Չինգիզ խանին, թերևս, խորհուրդ կտար չսկսել մոնղոլական արշավանքը

Լևոն Տեր-Պետրոսյանը Չինգիզ խանին, թերևս, խորհուրդ կտար չսկսել մոնղոլական արշավանքը

Ռացիոնալի և իռացիոնալի մասին:
Եթե ինչ-որ հրաշքով Լևոն Տեր-Պետրոսյանը լիներ Չինգիզ խանի խորհրդականը, նա թերևս իրեն հատուկ ռացիոնալ մտածողության սահմաններում վերջինիս խորհուրդ կտար չսկսել մոնղոլական արշավանքը, քանի որ աշխարհում դեռ գոյություն չունի ազգ-բանակի նախադեպը, առանց որի հնարավոր չի լինի ջախջախել պոտենցյալ թշնամու հզոր բանակները, և դա դեռ հարց է՝ արդյոք ձևավորվելուց հետո մոնղոլական ազգ - բանակը կկարողանա՞ հաղթել նրանց: Իհարկե, նման խորհրդից հետո Չինգիզ խանը կհրամայեր կապել այդ խորհրդատուին ձիու պոչից և քարշ տալ Մոնղոլիայի անծայրածիր տափաստաններով և կսկսեր իր կայսրության ձևավորումը: Իսկ եթե հիմա խնդրենք Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնել մոնղոլական արշավանքների հաջողության ռացիոնալ պատճառները, նա դա կանի շատ հաջող, գիտականորեն հիմնավորված և ռացիոնալ մտածողության սահմաններում:
Ժամանակին նույն ռացիոնալ մտածողության սահմաններում նա հիմավորում էր, թե ինչ ահեղ թշնամի է Ադրբեջանը, որը խորհրդային բանակից մի քանի անգամ շատ զինամթերք է ժառանգել, բնակչությամբ, տնտեսական տվյալներով ու կոմունիկացիոն ենթակառուցվածքներով ավելի մեծ և հզոր է շրջափակման մեջ գտնվող Հայաստանից: Եվ ռացիոնալ առումով նա ճիշտ էր: Բայց սկսվեց Արցախյան պատերազմը՝ ձեզ հայտնի ելքով: Իհարկե, այստեղ «Լևոնի վկաները» հնարավոր է՝ վրա տան, և փորձեն Լևոն Տեր-Պետրոսյանին վերագրել արցախյան հաղթանակը, բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինեն ընդունել, որ այն օրերին, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ ներառյալ մութ ու ցուրտ, հարյուր հազարների հասնող արտագաղթ, հազարավոր քրեական միջադեպեր, կոռուպցիոն դրսևորումներ, զոքանչների և փեսեքի կռիվ, հարս ու կեսուրի տուրուդմփոց, չէր կարող տեղի ունենալ, եթե չլինեին Նրա կամքը և հմտությունը: Այդպես, իհարկե, կարող են ասել, բայց դա արդեն ռացիոնալ մտածողության սահմաններից դուրս կլինի, իսկ իրենք շատ են սիրում «ռացիոնալ» մտածել:
Սովորաբար ռացիոնալ համարվում է այն, ինչ բացատրելի է տրամաբանությամբ, փաստերով և այլն: Բայց էս աշխարհում մեր տրամաբանությանն իրողությունների շատ չնչին մասն է հասանելի: Եթե մարդը գործում է ռացիոնալ, տրամաբանված և 100%-ով, ապա իր կյանքում հայտնվում են իռացիոնալը և «հրաշքը», որը, ինչպես կասեր Սբ. Ավգուստինիոն, հակասության մեջ է ոչ թե բնության օրենքների, այլ բնության օրենքների մասին ունեցած մեր պատկերացումների հետ, այսինքն՝ այսպես ասած «ռացիոնալի» հետ: Երբ ազգը գործի իր «միակ ուրախություն» Հենրիխ Մխիթարյանի պես տրամաբանված, ռացիոնալ, նպատակասլաց, համարձակ, 100%-ոց, ապա իռացիոնալ գոլի հեղինակ կդառնա: Կյանքը ռացիոնալի և իռացիոնալի համադրություն է: Մի խոսքով, «Մի՛ մտածեք Լևոն Տեր-Պետրոսյանի պես, այլ գործեք Հենրիխ Մխիթարյանի պես»:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը