Կարծիք

28.12.2016 14:06


Ամոթ չի՞ նախարարն էկոնոմ դասի տոմսով գործուղման գնա (լուսանկար)

Ամոթ չի՞ նախարարն էկոնոմ դասի տոմսով գործուղման գնա (լուսանկար)

«Ամեն մարդ պետք է ապրի իր ունեցած միջոցներին համապատասխան, իսկ պետությունը ժողովրդի փողերը պետք է ծախսի այն բանի վրա, ինչն իրականում կարևոր է», - սրանք «աշխարհի ամենաաղքատ նախագահ» Խոսե Մուխիկայի խոսքերն են։

Այսօր թերթերից մեկում կարդում եմ, որ Տարածքային կառավարման նախարարության ինչ-որ աշխատակից, ոչ նախարարը, կրկին բիզնես դասի տոմս է գնել դեպի Մոսկվա։

Իհարկե, սա պետության համար մի մեծ գումար չէ, բայց այն ցույց է տալիս իշխանությունների, պետական պաշտոնյաների վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ։ Հայաստանում գրեթե 1 մլն մարդ ապրում է ամսական 42 հազար դրամից պակաս գումարով, իսկ այդ մեկ տոմսն արժեցել է 450 հազար դրամ։ Այդ գումարով 1 մլն մարդ մի ամբողջ տարի է ապրում։

Ի դեպ, նույն Խոսե Մուխիկան՝ Ուրուգվայի նախկին նախագահը, ինքնաթիռ չուներ. նա նույնիսկ ծառայողական մեքենա չուներ։ Մի անգամ ինչ-որ համաժողովից հետո նա նույնիսկ խնդրել է Մեքսիկայի նախագահին իր ինքնաթիռով իրենց հասցնել Ուրուգվայ։ Իսկ երբ հարցազրույցներից մեկում Մուխիկային հարցրել են՝ ինչու ինքը ինքնաթիռ չունի, նա ասել է, որ Ուրուգվայն այնքան հարուստ երկիր չէ, որ նախագահն ինքնաթիռ ունենա։

«Ինքնաթիռի փոխարեն մենք որոշել ենք Ֆրանսիայից շատ թանկարժեք ուղղաթիռ գնել ու տեղակայել այն երկրի կենտրոնական հատվածում․ այն ծառայում է վթարների զոհերին փրկելու և արտակարգ իրավիճակներում օգնելու համար։ Դա այնքան հեշտ է․ նախագահական ինքնաթի՞ռ, թե փրկարարական ուղղաթիռ»։

Ափսոս, որ մեր պաշտոնյաների համար այս պարզ հարցն ունի այլ պատասխան։ Մի բան էլ. Մուխիկայի նախագահության ժամանակ՝ 2013 թվականին, Ուրուգվայի ՀՆԱ-ն կազմում էր 55 մլրդ դոլար, բյուջեն՝ 8 մլրդ 200 մլն։ Բնակչությունն ընդամենը 400 հազարով ավելի է Հայաստանի բնակչությունից։
Մերոնց որ հարցնում ես, ասում են, թե բա՝ «ամոթ չի՞ նախարարն էկոնոմ դասի տոմսով գործուղման գնա»։

Ո՛չ, պարոնա՛յք, ամո՛թ չի։ Ամոթը 1 մլն աղքատ քաղաքացի ունենալն է։ Ամոթը տնտեսական ճգնաժամն է, կոռուպցիան և թալանը։ Ամոթը բիզնես դասով երթևեկելն է, երբ երկրիդ քաղաքացիների 1/3-ը աղքատ է։

Հ․գ․ Լուսանկարում Խոսե Մուխիկան է՝ Մեքսիկայի նախագահի հետ՝ վերջինիս ինքնաթիռում։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը